Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ադամանդների բնեղեն ծավալն անցյալ տարի 2012 թվականի համեմատ աճել է 49.15 տոկոսով և կազմել 202.7 հազար կարատ: Արտահանված ադամադների մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 88 միլիոն դոլարը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2012 թվականին մեր երկրից արտահանվել էր 135.9 հազար կարատ ադամանդ՝ ավելի քան 79 միլիոն դոլար մաքսային ընդհանուր արժեքով: Ստացվում է, որ ադամանդների արտահանման բնեղեն ծավալի շուրջ 50 տոկոս ավելացման պարագայում դրա մաքսային ընդհանուր արժեքն աճել է ընդամենը 11 տոկոսով:

 

Նախորդ տարի Հայաստանից արտահանված ադամանդների հիմնական գնորդները Բելգիան (95.1 հազար կարատ) և Ռուսաստանն են (66 հազար կարատ):

 

ՀՀ Ագգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում ադամանդների արտադրության ծավալը 2013 թվականին 2012թ. համեմատ ավելացել է 41.2 տոկոսով և կազմել 94 հազար 498 կարատ:

 

2008թ.-ի ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ հարված էր հասցրել Հայաստանի ադամանադագործության ոլորտին: Եթե 2000-ականների սկզբներին արտահանման տարեկան ծավալը հասնում էր ընդհուպ մինչև 300 մլն դոլարի, ապա ճգնաժամի տարիներին հայկական ձեռնարկությունները բավական ծանր վիճակում էին հայտնվել, եւ արտահանումն զգալիորեն նվազել էր: 2011թ. ոլորտն արդեն ոչ միայն դուրս էր եկել ճգնաժամից, այլեւ ավելացնում էր արտադրանքի ծավալները (9 ամսում արտահանվել է 85 մլն դոլարի ադամանդ):

 

Ռուսական «Ալռոսա» ընկերության հետ պայմանավորվածություններից հետո 2009թ. դեկտեմբերից Հայաստանը ձեռք է բերել ադամանդագործական հումքի մատակարարման կայուն աղբյուր: ՀՀ վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի 2013թ.-ի հուլիսի 26-ին կայացած նիստում հաստատվեց «Հայաստանի ադամանդագործության ոլոր տի զարգացման ռազմավարությունը», որով նախատեսում է մինչև 2020թ.-ն հասնել տարեկան մինչեւ 250 հազ. կարատ ադամանդի արտահանման մակարդակին:

 

Իսկ 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի' Հայաստան կատարած այցից հետո ռուսական կողմը հայտարարեց, որ մինչև Մաքսային միությանն անդամակցելու գործընթացի ավարտը Հայաստանն ազատվում է ադամանդի արտահանման համար նախատեսված 6.5 տոկոս մաքսատուրքից: