Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նպատակահարմար չի համարում կանխատեսում անել Սահմանադրական դատարանի կողմից «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի սահմանադրականության քննության վերաբերյալ: «Ես կոչված չեմ Սահմանադրությունը մեկնաբանելու. դա բացառապես Սահմանադրական դատարանի իրավասությունն է: Մարտի 28-ը սարերի հետևում չէ, քանի դեռ ՍԴ-ի դատաքննությունն ընթանում է, ճիշտ չի լինի կարծիք հայտնելը: Որպես անհատ և քաղաքական գործիչ' կարող եմ կարծիք հայտնել ու ասել, որ օրենքը լուրջ ու խորքային քննարկումների կարիք ունի»,-ասաց Հովհաննես Մարգարյանը:
Նրա խոսքով' գլխավոր հարցը քաղաքացիներին երաշխիքներով ապահովումն ու վստահելիության մակարդակի բարձրացումն է: «Երաշխիքի հարցում խնդիր ունենք, ի վերջո 40 տարին քիչ չէ: Առավել ևս քաղաքացիներն արդարացի օրինակ են բերում, որ մեկ օրվա կամ հաշված րոպեների ընթացքում խորհրդային ռուբին վերածվեց դրամի' մեկը երկու հարյուրի փոխհարաբերությամբ. այս դեպքում ինչպե՞ս է լինելու: Միշտ էլ վստահության պակաս եղել է, ցանկացած իշխանության օրոք: Բայց դա չի նշանակում, որ մենք հետևողականություն չցուցաբերենք հույսը, հավատը ավելացնելու համար»,-ասաց Հովհաննես Մարգարյանը' հավելելով, որ օրենքն իր հետ բերում է մի շարք խնդիրներ, որոնք պրակտիկ գործունեության մեջ ավելի ակնառու են դառնում: «Այն, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր քաղաքացին արժանապատիվ կենսաթոշակ ստանա, դա փաստ է»,-ասաց ՕԵԿ-ական պատգամավորը:
ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին' բանավոր ընթացակարգով: