Փետրվարի 11-ից 13-ը Բրյուսելում, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է վեհաժողովի քաղաքական, էներգետիկ և սոցիալական հարցերով հանձնաժողովների նիստերի աշխատանքներին:

 

Փետրվարի 11-ին Եվրանեսթի քաղաքական հարաբերությունների, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդես է եկել ելույթի խոսքով' Վիկտոր Դոլիձեի և Յացեկ Պրոտասևիչի կողմից ներկայացված «ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ առավել ամուր գործընկերության խթանումը 2014-2020 թվականներին Եվրոպական հարեւանության գործիքի միջոցով» զեկույցի նախագծի շուրջ:

 

Իր ելույթում Արտակ Զաքարյանը ներկայացրել է հայկական պատվիրակու­թյան առաջարկները ' զեկույցում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման և Հայաստանի մասնակցության հետ կապված հարցերի շուրջ:

 

Հայկական պատվիրակությունը նաև ակտիվ քննարկումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ՝ արդյունավետ և հաջող կերպով հակադարձելով ադրբեջանական պատվիրակության մի շարք անհիմն մեկնաբանություններին և մեջբերումներին:

 

Նիստի արդյունքում քննարկման են ընդունվել նաև հայկական պատվիրակության առաջարկները՝ խնայողական էներգիայի և փոքր ավիացիայի ֆինանսավորման խնդիրների և հնարավորությունների շուրջ:

 

Փետրվարի 12-ին հայկական պատվիրակությունը կմասնակցի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի էներգետիկ անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին: