Եվրոպական խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը խստորեն դատապարտել է ինը օրենսդիրների, ովքեր կասկածվում են Ադրբեջանի նախագահական ընտրությունների դիտարկման համար կառավարությունից կաշառք վերցնելու մեջ: Այս մասին հաղորդում է EurActive.com պորտալը:
Եվրոպակա ն խորհրդարանի անդամներ Էստոնիայի պատգամավոր Կրիստինա Օյուլանդը, Լեհաստանի պատգամավոր Յացեկ Վիոսովիչը, Բուլղարիայի պատգամավոր Սլավի Բինևը, չեխ պատգամավոր Յիժի Մաշտալկան, Սլովենիայի պատգամավոր Իվո Վայգլը, Գերմանիայի պատգամավոր Ալեքսանդրա Թայնը, Ֆինլանդիայի պտգամավոր Հանու Թաքուլան, Խորվաթիայի պատգամավոր Օլեգ Վալյալոն և Միացյալ Թագավորության պատգամավոր Նիք Գրիֆինը հոկտեմբերին այցելել էին Ադրբեջան' նախագահական ընտրությունները դիտարկելու առաքելությամբ:
Խորհրդարանականները իբր «մոռացել» էին ԵԽ-ին հայտնել, որ հրավիրվել են ադրբեջանական կառավարության կողմից և ճանապարհորդության մասին չեն նշել խորհրդարանի կայքում, ինչպես պահանջվում է վարքածի նոր կանոնակարգով: Հանձնաժողովը կասկածում է, որ ԵԽ անդամները, հնարավոր է, նաև պարգևատրվել են իրենց կատարած առաքելության համար: Խմբի ներկայացրած զեկույցում Ադրբեջանի նախագահական ընտրությունները ներկայացվում են «ազատ և արդար»:
Նրանց գնահատականը ամոթալի կերպով տարբերվում է ԵԱՀԿ զեկույցից, որը խոսքի և հավաքների ազատության հետ կապված «լո ւրջ խնդիրներ» էր արձանագրել ընտրությունների ժամանակ: Նշվում է, որ նոյեմբերին «Կայունության եվրոպական նախաձեռնություն» կազմակերպությունն արդեն ահազանգել էր այն մասին, որ ադրբեջանական ընտրությունների վերահսկումը շատ ընդհանրական է իրականացվում:
«Մենք ուրախ ենք, որ Եվրոպական խորհրդարանը իրական քայլեր է ձեռնարկում Բրյուսել սողոսկած «խավիարային դիվանագիտության» դեմ: Հուսով եմ, որ նրանք կբացեն իրենց աչքերը պատմությունը և փաստերն աղավաղող ադրբեջանական գործողությունների վրա»,- նշել է Արդարադատության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական դաշնության գործադիր տնօրեն Պետո Դեմիրճյանը:
Եվրոպական խորհրդարանի ընդունած վարքածի նոր կանոնակարգի համաձայն ցանկացած տեսակի նվերի, ֆուտբոլային խաղի, ներկայացման կամ ճանապարհորդության հրավերի մասին պետք է նշվի օրենդիրների կայքում, եթե դրա արժեքն անցնում է 150 եվրոն: