ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար օրակարգային է դառնում այն, ինչ տարիներ շարունակ հայկական կողմը հայտարարել է՝ պահանջելով Ստեփանակերտի վերադարձ բանակցությունների սեղանին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, միջնորդները ևս հանգում են այն եզրակացության, որ առանց Արցախի լիարժեք մասնակցության, անհնար է ակնկալել խնդրի կարգավորում: «Այս մասին հայտարարվել է բազմիցս և հիմա տեսնում ենք, որ բոլորն էլ հանգում են այդ մտքին: Եթե ԱՄՆ համանախագահը խոսում է այդ մասին, ապա կարելի է որոշակի տեղաշարժեր ակնկալել բանակցություններից: Ջեյմս Ուորլիքի գրառումը դիտարկում ենք սկզբունքային և կարգավորման փիլիսոփայությանը վերաբերող հայտարարություն, որը, բնականաբար, Ստեփանակերտում ողջունում են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

 

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը չի բացառում, որ համանախագահի հայտարարությունն Ադրբեջանում կընդունեն սվիններով և բողոքի քայլերը չեն ուշանա: «Նրանք վաղուց են արշավ ձեռնարկել՝ փոխելու Մինսկի խմբի համանախագահության կազմն ու ձևաչափը և չի բացառվում, որ հիմա էլ նման հայտարարություններով հանդես գան: Սակայն, ինչ էլ լինի, Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին անխուսափելի է: Կգա մի պահ, երբ կվերականգնվի լիարժեք բանակցային գործընթացը: Բոլորն էլ հասկացել են, որ իրավիճակը չի կարող կայունանալ, եթե Ստեփանակերտը բանակցող կողմ չէ»,-ասաց Դավիթ Բաբայանը:

 

Փետրվարի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լիարժեք ֆորմատի վերականգնման ցանկություն էր հայտնել: «Հունաստանի և Թուրքիայի կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են հիմնախնդրի երկարաժամկետ կարգավորման բանակցությունների: Իսկ ինչո՞ւ նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը: ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունն էլ իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է թողել. «Մենք համաձայն ենք Ջեյմս Ուորլիքի հետ, որ ժամանակն է վերականգնել լիարժեք բանակցությունները Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությամբ»:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ գործընթացը սկսվեց 1994-ին Բիշկեքում կնքված զինադադարից: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Ներկայումս բանակցություններն ընթանում են 2007թ. նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության: