Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կրտսեր որդին' Բիլալ Էրդողանը դատական գործ բացելու պահանջով հայց է ներկայացրել Ստամբուլի դատարան' կապված դեկտեմբերի կեսերին «Մեծ կաշառք» գործողության շրջանակում թուրքական ոստիկանության կողմից անցկացված կոռուպցիոն բացահայտումներում իր անունը եւս շրջանառվելու հետ: Այս մասին հայտնում է թուրքական «T 24» ինտերնետային թերթը:

 

Թուրքական ԶԼՄ-ները երեկ հայտնել էին, որ Էրդողանը օրերս հայտարարել էր, թե դեկտեմբերի 17-ին իրագործված օպերատիվ գործողություններում հիշատակված իր եւ երեք նախարարների որդիները փոխհատուցման դատական գործ են բացելու գործողություններն իրականացրած դատախազների դեմ:

 

Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին Ստամբուլում եւ Անկարայում ձերբակալվել են 50-ից ավելի մարդիկ, այդ թվում որոշ նախարարների որդիներ եւ գործարարներ, որոնք մեղադրվում են կոռուպցիայի, մաքսանենգության եւ թմրանյութերի իրացման մեջ: Դեկտեմբերի 18-ին Ստամբուլի դատախազությունը պարտադիր հարցաքննության ներկայանալու պահանջագիր էր ուղարկել նաեւ Բիլալ Էրդողանին: Ըստ թուրքական մամուլի հրապարակումների' հարցաքննությունից խուսափելու նպատակով Բիլալ Էրդողանը երեք շաբաթ թաքնվել է Ադրբեջանում կամ Վրաստանում:

 

Ոստիկանության գործողությունների հետ կապված' Էրդողանը հայտարարել էր, որ դրանք ուղղված են իր կառավարությունը տապալելու դեմ: Էրդողանը փոխել է կառավարության 10 նախարարների եւ գործարարների ու չինովնիկների ձերբակալությունները նախաձեռնած ոստիկանության 500-ից ավելի բարձրաստիճան աշխատակիցների: Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց մասնակիցները պահանջում են կառավարության ամբողջ կազմի հրաժարականը: