Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը դատական գործ է հարուցել այն անձանց նկատմամբ, ովքեր օրերս «Ակոս»-ի դիմաց հանդես են եկել ռասիստական և ատելություն սերմանող արտահայտություններով' ասելով «Կեցցե’ն Օգյուն Սամասթները, անիծվե’ն Հրանտ Դինքերը»: Ինչպես հաղորդում է «Աոոս» պարբերականը, այս մասին կազմակերպության անդամները լրագրողներին հայտարարել են Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատի առջև:
Հայտարարության մեջ ընդգծելով, որ ոստիկանները որևէ կերպ չեն խոչընդոտել նման պաստառներ պարզածների գործողություններին, նշվում է. «Հանցագործություն է հանցանքն ու հանցագործին գովաբանելը: Արվածը նշանակում էր ոչ միայն հանցանք գործել, այլև միաժամանակ վիրավորել հայերին, նրանց հանդեպ ռասիստական, ատելություն պարունակող կոչեր անել: Մենք' որպես Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղ, դատական հայց ենք ներկայացնում նրանց դեմ, ովքեր կազմակերպել և իրականացրել են այս ռասիստական երթը' պաստառներ պահելով և տարբեր կոչեր հնչեցնելով: Կատարվածի մեկ այլ վատ կողմն էլ այն է, որ հանցագործություն իրականացրած, հանցագործին և հանցագործությունը գովաբանած, ռասիստական պաստառներ բացած անձանց նկատմամբ ոստիկանությունը որևէ միջամտություն չիրականացրեց: Ոստիկանությունը դիտորդի դերում մնաց, երբ հայերի դեմ հրապարակայնորեն վիրավորանք և ատելություն պարունակող խոսքեր էին հնչեցվում»:
Մարդու իրավունքների կազմակերպության անդամները մտել են արդարադատության շենք' դատական հայց ներկայացնելով և պահանջելով, որպեսզի ուսումնասիրվեն դեպքի վերաբերյալ բոլոր տեսաձայնագրությունները, հայտնաբերվեն մեղավորները: Կազմակերպության անդամները հայտարարել են, որ հանցագործներն իրենց արարքներով խախտել են Թուրքիայի Քրեական օրենսգրքի 215 և 216-րդ հոդվածները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 14-րդ հոդվածը, ինչի համար նրանց դեմ պետք է դատական գործ հարուցվի: Միաժամանակ կազմակերպիչները բոլոր նրանց, ովքեր պայքարում են ռասի զմի և խտրականության դեմ, կոչ են արել աջակցել իրենց ներկայացրած հայցին: