Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսակետ չի եղել և չի էլ լինելու: Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ըստ էության, դառնում է ՄՄ տարածք:
Փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Մաքսային միությունը տնտեսական կառույց է, սակայն Հայաստանում ընթացող գործընթացներից կարելի է ենթադրել, որ այն իր մեջ նաև քաղաքական տարրեր է պարունակում: Առաջին հերթին խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, երբ Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ երկիր: Հայ պաշտոնյաները բազմաթիվ անգամ են հայտարարել, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ չի կարող լինել և չի լինելու»,-նշեց նա:
Գագիկ Մինասյանն ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ դեկտեմբերի 24-ին արդեն հաստատվել է Հայաստանի՝ ՄՄ անդամակցության ճանապարհային քարտեզը, իսկ դրանից առաջ շատ հետաքրքիր բան է կատարվել, որը դուրս է մնացել լայն լուսաբանման շրջանակներից: «Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկու միջազգային համաձայնագիր ստորագրեց, որոնցով վերացրեց սահմանակետերը Հարավային Օսիայի և Աբխազիայի միջև, որոնք չճանաչված հանրապետություններ են Մաքսային միության անդամ երկրների կողմից»,- նշեց նա:
Գագիկ Մինասյանի խոսքով՝ սա շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար, քանի որ դա խոսում է այն մասին, որ երբ ՀՀ-ն կմիանա ՄՄ-ին, ԼՂՀ-ն, լինելով չճանաչված հանրապետություն, նույնպես կդառնա ՄՄ տարածք: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ ՄՄ անդամ Ղազախստանը, որն ավելի վաղ բարձրաձայնել էր Հայաստանի և ՄՄ սահմանի խնդրահարույց լինելու հարցը՝ հաշվի առնելով ԼՂՀ-ն, այլևս չի կարող այդ մասին խոսել, քանի որ արդեն երկու չճանաչված հանրապետություն ՄՄ տարածքի մեջ են՝ շնորհիվ վերը նշված համաձայնագրերի, որոնք վավերացրել է ՌԴ նախագահը:
ՄՄ տարածքին միանալը Լեռնային Ղարաբաղի համար տնտեսական զարգացման լայն հնարավորություններ է ստեղծում, քանի որ այնտեղի արտադրանքը հեշտությամբ կարող է հայտնվել ՄՄ անդամ երկրների շուկայում: Գագիկ Մինասյանի խոսքով՝ սա կարող է նաև ԼՂՀ-ի համար տնտեսական ճանաչման հնարավորություն ստեղծել, որը հետագայում կարող է տանել նաև քաղաքական ճանաչման:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նա7 Հայաստանի' Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը, որի իրականացման միջոցառումների ծրագիրը հունվարին հաստատել է ՀՀ կառավարու թյունը: