Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները 2013 թվականին փրկել են 139 մարդու կյանք: Այդ մասին փետրվարի 14-ին, ԱԻ նախարարության 2013 թ. գործունեության արդյունքներն ամփոփելիս, հայտնեց Փրկարար ծառայության պետ, փ/ծ գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: «Հաշվետու ժամանակահատվածում նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների և օպերատիվ խմբերի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվել է ավելի քան 12 հազար գործողություն»,-նշեց Ազարյանը:

 

Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականին գրանցված արտակարգ դեպքերն աճել են 493-ով կամ 4.6 տոկոսով և կազմել 11 հազար 91: Դեպքերից 6 հազար 398-ը տեխնածին են, 301-ը' տարերային, 4 հազար 392-ը' սոցիալ-կենցաղային: Արտակարգ պատահարների արդյունքում զոհվել է 615 մարդ, վիրավորվել՝ 8 հազար 648: ԱԻՆ «911» ծառայությունում գրանցված զանգերի թիվն անցյալ տարի աճել է 4.5 տոկոսով և կազմել 1 միլիոն 365 հազար 118: