«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը չի ասել մի բան, որ հակասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը: Այդ մասին ԲՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը' անդրադառնալով Օսկանյանի քննադատությանը' ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ:

 

Նրա խոսքով'Օսկանյանի խոսքերը չեն հակասում նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքերին: «Գագիկ Ծառուկյանը, ինչպես և ԲՀԿ-ն կողմ է Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակի հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը, սակայն Մաքսային միությունը և Ռուսաստանը տարբեր բաներ են: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի' ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի, երբ հստակ հնարավոր լինի գնահատել դրա առավելություններն ու թերությունները»,-ասաց Զոհրաբյանը:

 

Իր հերթին, Օսկանյանը նշեց, որ հրապարակված ««ճանապարհային քարտեզ»-ը դեռևս անորոշություններ է ներկայացնում, դրա համար էլ իրենք պատրաստ չեն հստակ գնահատական տալ:

 

Փետրվարի 15-ին Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԲՀԿ-ի 7-րդ համագումարը, որին ներկա են եղել կուսակցության բոլոր տարածքային կազմակերպությունների ղեկավարները: