Սիրիայում ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում հակամարտությունը չի դադարել մի քանի պատճառներով: Առաջինն այն է, որ այն ներքին հակամարտություն է, երկրորդ՝ հակակառավարական ճամբարում չկա այնպիսի քաղաքական ուժ, որը կարողանա իր խոսքը որոշիչ դարձնել բոլոր խմբերի համար, քանի որ Սիրիայում գործող բոլոր խմբավորումները տարբեր նպատակներ են հետապնդում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
«Հաշվի առնելով այս գործոնները՝ Սիրիայում զինադադարի հաստատում հնարավոր չի ակնկալել: Ասեմ ավելին, նույնիսկ Շվեյցարիայում սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված «Ժնև 2» կոնֆերանսի ընթացքում հնարավոր չեղավ մեղմացնել ռազմական գործողությունները, այլ ընդհակառակը՝ այն ավելի էր խորացել»,- նշեց արաբագետը՝ ընդգծելով, որ փետրվարի 7-10-ը հնարավոր եղավ զինադադար հաստատել Հոմս քաղաքում՝ խաղաղ բնակչությանը տարհանելու նպատակով, ի նչին հնարավոր եղավ հասնել Ժնևում ընթացող բանակցությունների արդյունքում: Արաբագետը նշեց, որ Սիրիայում բանակցություններին մասնակցող ընդդիմության ներկայացուցիչները, փաստորեն, միայն Հոմս քաղաքում են կարողանում իրենց խոսքը որոշիչ դարձնել, իսկ մնացած վայրերում իրավիճակն անվերահսկելի է:
Սիրիական հակամարտության կարգավորման գործում առավել մեծ անելիք ունեն արտաքին խաղացողները, մասնավորապես ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Նրանք կամ պարտադրելու միջոցով, կամ միմյանց միջև համաձայնության եղանակով պետք է կարողանան հակամարտության կարգավորմանն ուղղված բնակցությունները շարունակական դարձնել: Արաբագետի խոսքով՝ այն ջիհադական կոչերը, որ հնչում են Սիրիայի տարածքում, 7-10 հազար ջիհադականների են բերել Սիրիա, ինչը չի կարող չանհանգստացնել գերտերություններին և ընդհանրապես միջազգային հանրությանը:
Արաբագետն անդրադարձավ նաև Սիրիայի տարածքում կառավարական ուժերի դեմ կռվող ադրբեջանցի վարձկանների առկայությանը՝ նշելով, որ այդ երկրում հնչող ջիհադական կոչերից չէին կարող անմասն մնալ նաև ադրբեջանցի ծայրահեղականները: Ադրբեջանցիները մի քանի պատճառներով են մասնակցում սիրիական հակամարտությանը: Որպես առաջին պատճառ՝ արաբագեռը նշում է փող աշխատլու ցանկությունը: «Նշվում է, որ Սիրիայում մարտնչող մեկ վարձկանը վարձատրվում է 5000 դոլարով մեկ օրվա համար: Եվ, բնականաբար, սոցիալական խնդիրներ ունեցող ադրբեջանցիների համար սա փող աշխատելու լավ հն արավորություն է»,- ասաց արաբագետը:
Երկրորդ պատճառը Պետրոսյանը համարում է Ադրբեջանում ծայրահեղ իսլամիստական տրամադրությունների աճը: Նրա խոսքով՝ երկրի տարածքում գործում են կրոնական առանձին կազմակերպություններ, ինչպես նաև կազմակերպություններ, որոնք Ադրբեջանի տարածքում հավաքում են վարձկաններին, տանում են Թուրքիա, որտեղ մի քանի ամիս նրանց վարժեցնում են և ուղարկում են Սիրիա կռվելու: Երրորդ պատճառը, ըստ արաբագետի, Ադրբեջանում տիրող գաղափարական վակուումն է: Այս պահին ադրբեջանական ընդդիմությունը գաղափարական լուրջ հենք չունի՝ ներկայիս իշխանությունների դեմ պայքարելու հա մար, իսկ ահա իսլամիստական ծայրահեղ տրամադրությունների աճը հետագայում կարող է գաղափարական հենք հանդիսանալ:
Սիրիական հակամարտության հարցով «Ժնև 2» միջազգային կոնֆերանսը մեկնարկել է հունվարի 22-ին: Բանակցությունների ընթացքում հակամարտող կողմերն այդպես էլ որևէ լուրջ համաձայնության չեն հասել: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը հայտարարել է, որ կոնֆերանսի մեկնարկից հետո Սիրիայում շուրջ 5000 մարդ է զոհվել, ինչը համարվում է ամենամահաբեր շրջանը ողջ հակամարտության ընթացքում: