Միջազգային հանրությունը պետք է ավելի ուշադիր լսի Ռուսաստանին, եթե ցանկանում է վերջ դնել սիրիական հակամարտությանը: Այս մասին բրիտանական The Independent թերթին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան՝ նշելով, որ Մոսկվայի և Դամասկոսի վաղեմի կապերը կարող են վճռական դեր կատարել ճգնաժամի կարգավորման հարցում:
«Եկել է ժամանակը, որպեսզի աշխարհն ավելի ուշադիր լսի, թե ինչ է ասում Ռուսաստանը չորսամյա հակամարտության մասին, որը խլել է ավելի քան 210 հազար մարդկանց կյանք և հանգեցրել իսլամական ծայրահեղականության աննախադեպ աճին, ինչը տարածվել է ողջ Մերձավոր Արևելքում»,- նշել է դե Միստուրան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Միստուրայի խոսքով, Մոսկվայի և Դամասկոսի միջև վաղեմի հարաբերությունների արդյունքում ռուսները լավ են հասկանում սիրիացիների մտածելակերպը:
Դե Միստուրան նաև նշել է, որ ներկայիս իրավիճակում պետք է օգտագործել բոլոր միջոցները Սիրիային քաոսից հանելու համար: Նա բարձր է գնահատել Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումները Դամասկոսի և ընդդիմադիր կուսակցությունների միջև: Ստեֆան դե Միստուրան չի մասնակցել հանդիպումներին և, ինչպես նշել է, չի ցանկացել միջամտել՝ պահպանելով չեզոքություն:
Նախորդ շաբաթ Մոսկվայում ավարտվել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը, որի ընթացքում կողմերն ընդունել են ընդհանուր փաստաթուղթ, որը ստացել է «Սիրիայի իրավիճակի գնահատում» անվանումը: Փաստաթուղթն ընդունվել է ծափահարություններով: Սիրիայի ներքին ընդդիմության ղեկավար Կադրի ամիլն աննախադեպ ձեռքբերում է անվանել փաստաթղթի ընդունումը, որի հիման վրա կկառուցվեն հետագա քայլերը: