Ֆրանսիան մշտապես հանդես է եկել նախաձեռնություններով, որոնք ուղղված են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Բաքվում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 

«Իմ այցելություններն Ադրբեջան ու Հայաստան ջանքեր են' ուղղված հակամարտության կարգավորմանը: Ֆրանսիան Ադրբեջանի և Հայաստանի հետ ունի բարեկամական հարաբերություններ, մենք չենք կարող երկու երկրներից մեկն ընտրել: Մենք առաջարկել ենք հակամարտության կարգավորմանը նորովի մոտենալ' կազմակերպելով Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը: Ֆրանսիան մշտապես հանդես է գալիս նման նախաձեռնություններով»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը Օլանդը: Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի' որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրի վրա մեծ պատասխանատվություն է ըն կնում: «Մենք այս բանակցությունները կշարունակենք Հայաստանում: Ֆրանսիան ջանքեր է գործադրում հակամարտության փուլային կարգավորման նպատակով, ինչը վկայում է վստահության առկայության մասին»,- նշել է Օլանդը:

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր համոզմունքն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կշարունակեն իրենց ջանքերը կարճ ժամանակում ԼՂ հակամարտության կարգավորման համար: Ալիևը երթական անգամ հիշեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերը' նշելով, որ իրենք հարգանքով են մոտենում ինքնորոշման իրավունքին, սակայն հայերն արդեն մեկ անգամ ինքնորոշվել են, իսկ «Ադրբեջանը թույլ չի տա, որպեսզի իր տարածքում երկրորդ հայկական պետությունը ստեղծվի»:

 

Տարածաշրջանային այցով Ադրբեջանում գտնվող Օլանդը մայիսի 12-ին պետական այցով կժամանի Հայաստան: