Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է երկրից արտաքսել ամերիկացի երեք դիվանագետների:
Դիվանագետների արտաքսման մասին Մադուրոն հայտարարել է հեռուստատեսությամբ ունեցած ելույթի ժամանակ: Նախագահը չի նշել դիվանագետների անունները, բայց նրանց մեղադրել է այն բանում, որ նրանք ներթափանցում են Վենեսուելայի համալսարաններ ուսանողական այցագրերի հետ կապած աշխատանքի պատրվակով:
Մադուրոն նաեւ ԱՄՆ-ին մեղադրել է վենեսուելական ընդդիմությանն աջակցելու եւ երկրի սոցիալիստական կառավարությունը տապալելու փորձերի մեջ:
Նախագահը հավելել է, որ Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Վենեսուելայի դեսպանը վերջերս ԱՄՆ-ի պետդեպարտամենտից նախազգուշացում է ստացել այն մասին, որ ընդդիմության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսի ձերբակալումը բացասաբար կանդրադառնա Վենեսուելայի կառավարության վրա: Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Մադուրոն նշել է, որ չի հանդուրժի Վենեսուելայի ինքնիշխանության դեմ ուղղված «սպառնալիքները»:
Վերջին մի քանի օրերին Վենեսուելայում տեղի են ունենում բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք հրահրվել են ուսանողական ցույցերի մասնակիցների ձերբակալմամբ: Դրանք փետրվարի սկզբից անցկացվում են երկրի տարբեր տարածաշրջաններում: Փետրվարի 12-ին Կարակասում ցույցի էր ելել շուրջ 50 հազար մարդ: Անկարգությունների եւ ոստիկանության հետ ցուցարարների բախումների հետեւանքով զոհվել էր երեք, վիրավորվել՝ ավելի քան վաթսուն մարդ: Նիկոլաս Մադուրոն անկարգությունների պատասխանատվությունը դրել էր վենեսուելական ընդդիմության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսի վրա: