Ադրբեջանի հարավային Աստարա քաղաքի բնակիչները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը, պատճառն այն է, որ քաղաքի չինովնիկներից մեկը հրապարակորեն վիրավորել է տեղացի բնակիչներին, եւ իշխանությունների ապօրինությունների նկատմամբ նրանց համբերության բաժակը լցվել է: Տեղաբնակները երթ են կազմակերպել Աստարայի շրջանի գործադիր իշխանության շենք եւ այնտեղ մի քանի ժամ տեւած բողոքի ակցիա անցկացրել: Տեղաբնակների հույզերը բորբոքել է նաեւ քաղաքի կենտրոնական շուկայում տեղի ունեցած խոշոր հրդեհը:
Ամեն ինչ սկսվել է, երբ սոցիալական ցանցերում լուրեր են հայտնվել, որ բարձրաստիճան չինովնիկներից մեկը հրապարակորեն վիրավորել է Արչիվանդ գյուղի բնակիչներին: Նրանք իրենց հերթին փակել են Աստարա-Լենքորան մայրուղին, որտեղ խոշոր խցանում է առաջացել:
Շրջանում նաեւ լուրեր են տարածվում, որ կենտրոնական շուկան հրդեհվել է տեղացի չինովնիկների կողմից, որոնք պայքար են տանում ազդեցության ոլորտի բաժանման համար: Մի քանի ժամ տեւած բողոքի ակցիայից հետո բնակիչները ցրվել են, սակայն, հավանական է, որ նրանք նորից դուրս կգան փողոց: Ադրբեջանի հարավային Աստարայի եւ Լենքորանի շրջանների բնակչության մեծամասնությունը թալիշներ են:
Բողոքի եւս մեկ ակցիա տեղի է ունեցել Գարադաղում: Shacman եւ Howo բազմատոննանոց բեռնատարների վարորդների խումբը բողոքի ակցիա է անցկացրել Գարադաղի շրջանի Գոբուստան ավանում: Նրանք պնդել են, որ իրենց բեռնատարները կարող են մինչեւ 60 տ բեռ փոխադրել, բայց վերջին շրջանում արգելել են 15 տոննայից ավելի բեռների փոխադրումը: Արգելքի պատճառը նրանք բացատրել են նրանով, որ իշխանություններն արգելում են 15 տոննայից ավելի բեռնավորված ավտոմեքենաներով անցնել ճանապարհներով' դրանք չփչացնելու համար:
Վարորդների մեծ մասը վաճառել է ԿԱՄԱԶ-ները, եւ գնել նոր բեռնատարներ, որպեսզի ավելի շատ փող վաստակի: Սակայն, նրանց թույլ են տալիս փոխադրել այնքան բեռ, ինչքան հին մեքենաներով: Բողոքի ակցիան ցրել են դեպքի վայր եկած ոստիկանության աշխատակիցները:
Արդեն մի քանի օր է' Բաքվում Սովետսկի շրջանի բնակիչները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում: Նրանք բողոքում են, որ իշխանությունը իրենց տները քանդելու դիմաց քիչ փոխհատուցում է սահմանել, ինչով իրենք չեն կարող նոր բնակարաններ գնել: Բաքվի Սովետսկի շրջանում պետք է 10 հազար տուն քանդվի: