Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն արձագանքել է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը՝ պարզաբանելով ավտոմեքենաների պետհամարանիշների և անվադողերի ձեռքբերման հետ կապված հարցերը: Պարզաբանման մեջ ասված է, որ համաձայն «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի' հաշվառման ենթարկված գյուղատնտեսական յուրաքանչյուր տեխնիկայի սեփականատիրոջը տրվում է պետական համարանիշ և տեխնիկական վկայագիր: Յուրաքանչյուր տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնումների պլանում նախատեսվում է 1000 պետհամարանիշ, միևնույն ժամանակ պլանավորվում է միջնաժամկետ ծախսային ծրագրերում նախարարության ՄԺԾԾ հայտերում, որի նպատակն է գյուղտեխնիկայի հաշվառումը և նախկին խորհրդային պետհամարանիշների (АХ և АФ սերիաներ) փոխարին ումը: Պետհամարանիշի ձեռքբերման քանակները պլանավորվում են նախորդ տարվա փաստացի և տվյալ տարվա կանխատեսումներից ելնելով:
«2013 թվականին պետհամարանիշների իրացումը կազմել է 980 հատ: Ելնելով վերոգրյալից հայտնում ենք, որ լրատվանիջոցում նշված համարանիշները, ոչ թե նախարարության ավտոմեքենաների համար եր նախատեսված, այլ՝ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գյուղտեխնիկայի (տրակտորներ, կոմբայններ, կցասայլակներ և այլ գյուղտեխնիկա) յուրաքանչյուր միավոր տեխնիկայի համար երկու համարանիշ»,- պարզաբանել է գյուղատնտեսական գերատեսչությունը:
Տեղեկացվել է, որ նախարարության 2014 թվականի գնումների պլանով նախատեսված է նաև 12 հատ 60 հազ. դրամանոց և 16 հատ 40 հազ. դրամանոց անվադողեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1 մլն 360 հազ. դրամ: Հաշվի առնելով, որ մեկ մեքենայի համար անհրաժեշտ է 4 անվադող, ուստի քանակային առումով գնումների պլանով նախատեսված ընդհանուր քանակը բավարարում է 7 մեքենայի, այն դեպքում, երբ նախարարության ավտոմեքենաների թվաքանակը 20 է: «Նախարարության ավտոմեքենաների շահագործումը հաճախակի իրականացվում է ՀՀ մարզերում և վերանորոգման համար տարեկան նախատեսված գումարները հիմնականում չեն բավարարում»,- ասված է պարզաբանման մեջ: