Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ' ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կստեղծվի հանձնաժողով, որը կքննարկի և կստուգի ՀՀ ներկրվող ու սպառողին մատակարարվող գազի կալորիականության մակարդակը: ՀՀ կառավարության նիստում վարչապետը նշեց, որ չնայած նրան, որ կալորիականության մասին տրվել են պարզաբանումներ, սակայն դեռևս կան կասկածներ' արյդոք դրա ցուցանիշը համապատասխանում է այն պայմաններին, որ ներկայացվել են հանրությանը և արդյոք գազի որակը փոխվել է: «Մենք պարտավոր ենք այդ հարցերի պատասխանները տալ»,- ասաց վարչապետը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ վերջին ժամանակներս հանրությունը շատ է բողոքում գազի որակի հետ կապված, իբր այն չի համապատասխանում կալորիականության ստանդարտներին: «Նախ սահմանի վրա գազը չափվում է, այնուհետև տնտեսվարող սուբյեկտները' Հրազդարնի, Երևանի ՋԷԿ-երը և Արարատի ցեմենտի գործարանը, որոնք ևս շահագրգռված են, ևս ստուգման են ենթարկում: Այդ ամենը, սակայն, չի բավարարում սուբյեկտներին: Առաջարկել եմ գործարարներին համախմբվել, ձեռք բերել լաբորատորիա, որն արժե 20-60 հազար դոլար, որպեսզի կարողանան չափել գազի որակը»,- ասաց Նազարյանը: Նրա խոսքով' դեռևս գործարարների կողմից նման քայլ չի կատարվել:
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի' պայմանավորված խիստ ձմեռով, նաև ջերմոցային տնտեսություններն են բողոքում գազի կալորիականությունից' նշելով, որ նախորդ տարիներին ավելի քիչ գազ են սպառել: «Կարծում եմ, որ դա խստահունչ ձմեռով է պայմանավորված: Ճիշտ կլինի ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն նաև Գիտությունների ազգային ակադեմիան, Հանրային խորհուրդը, գործարարների միությունը, որպեսզի հասկանանք, էլ ինչ կարելի է անել, որպեսզի հանրության վստահությունը մեծանա»,- ասաց Նազարյանը:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշեց, որ մասնագետները կառավարությանը եզրակացություն են ներկայացրել, որ գազի կալորիականության արհեստական փոփոխություն իրականացնել անհնար է: «Անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով' ներգրավելով նաև ՀԿ-ներին, որպեսզի նաև մասնագետները հնարավորություն ունենան բացատրություններ ներկայացնել»,- նշեց վարչապետը:
«Հայռուսգազարդ»-ի կողմից գազի կալորիականությւան վերաբերյալ հրավիրվել էր քննարկում, որի շրջանակներում պատահական ընտրված սուբյեկտին մատակարավող գազը ենթարկվել էր փորձաքննության և պարզվել, որ մատուցվող գազի կալորիականությունը համապատասխանում է անհրաժեշտ որակին: Հասարակական կազմակերպություններին, սակայն, դա համոզիչ չէր թվացել: