ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մարտի 22-ին երկարատև հիվանդությունից հետո' 77 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Գուրգենի Ջանիբեկյանը:
Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937թ. հուլիսի 1-ին, Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1966-67թթ. աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967թ.' Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում: 1970-ականներից խաղացել է նաև հեռուստաթատրոնում: 1961-ից նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում' «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում », «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթ», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլն: 1982թ. կրկին վերադարձել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն' որպես դերասան:
Կարեն Ջանիբեկյանը Սոս Սարգսյանի հիմնադրած «Համազգային» թատրոնի առաջին անուններից էր: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, միութենական և հանրապետական պարգևների, ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.' ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Կարեն Ջանիբեկյանի հերոսներն ունեին բարդ ճակատագրեր, ներքին մեծ ողբերգականություն, ազգային նկարագրի ընդգծումներ: