ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը համախմբվելու կոչ է արել Ուկրաինայի քաղաքական ուժերին: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Նրա խոսքով՝ կանցլերն ուկրաինացի մի շարք քաղաքական գործիչների հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում կոչ է արել նախարարների նոր կաբինետ ձևավորելիս հաշվի առնել երկրի արևելքի ու հարավի դիրքորոշումները: «Բոլոր կողմերի շահերից է բխում Ուկրաինայի վերադարձն իրավական պետության սկզբունքներին և կայունությանը»,-նշել Է Զայբերտը: Նա նաև ընդգծել է, որ դեռևս բաց է մնում Կիևի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման դուռը:

 

Զայբերտը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ Մերկելի՝ փետրվարի 23-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել է նրանց միջեւ հանդիպում անցկացնելու հարցը: «Ոչ մի կոնկրետ հանդիպում չի քննարկվել»,-ասել է նա:

 

Ավելի վաղ «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ կանցլերը և նախկին վարչապետն իբր պայմանավորվել են հանդիպել «մոտ ժամանակներս»: