Ստիպված ենք Մխիթարյանի բացակայությունը կոմպենսացնել, սակայն նրա խաղային ներկայիս մարզավիճակում չի կարելի համարժեք փոխարինում կատարել: Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում ադրբեջանական «Գաբալայի» դեմ արտագնա խաղից առաջ Բաքվում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ դորտմունդյան թիմը Բաքու չի տարել Հենրիխ Մխիթարյանին:

«Շատ ցավալի է, որ նա մեզ հետ չէ՝ ինչպես մարզական, այնպես էլ մարդկային առումով: Կարծում եմ՝ ֆուտբոլը պետք է հեռու լինի կոնֆլիկտներից, վախերից: Բայց մենք, այնուամենայնիվ, որոշեցինք հաշվի առնել երկու երկրի միջև առկա լարվածությունը: Հարգում ենք այդ իրավիճակը և որոշում կայացրինք, որը բոլորիս համար հանգստություն է նշանակում: Ստիպված ենք Մխիթարյանի բացակայությունը կոմպենսացնել, սակայն նրա խաղային ներկայիս մարզավիճակում չի կարելի համարժեք փոխարինում կատարել: Դրա շնորհիվ, սակայն, Յոնաս Հոֆմանի նման երիտասարդ ֆուտբոլիստների համար առաջին պլան գալու, հիմնական կազմում խաղալու հավակնորդ դառնալու, թիմի համար իրենց կարևորությունն ապացուցելու հնարավորություն ստեղծվեց»,- Տուխելի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de -ն: