Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց խորհրդարանում «Նաիրիտ»-ի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի հիմնավորումը: Նա նշեց, որ խնդրի կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Նաիրիրտ» գործարանը, սկսած 1940թվականից, արտադրում է աշխարհում լուրջ մրցակցություն ունեցող կաուչուկ և հաշվի առնելով, որ այսպիսի արտադրանքով զբաղվում են սահմանափակ ընկերություններ, այն համարվում է Հայաստանի հիմնական մրցակցային ապրանքը միջազգային շուկայում: «Տարբեր տարիներին այս գործարանի կողմից թողարկված արտադրանքը միջազգային շուկայում զբաղեցրել է 10-12 տոկոսը, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի նման փոքր երկիրը կարող է և պարտավոր է միջազգային շուկայում ունենալ իր արտադրանքը»,- նշեց նա:

 

Արծվիկ Մինասյանը նշեց, որ վերջին տարիներին գործարանի աշխատանքի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի արդյունքում այն 2010թ. դադարեցրել է իր գործունեությունը: Նա նշեց, որ տարբեր հետաքննող լրագրողների կողմից արդեն հրապարակված տեղեկատվություն կա, որի հիմնական միտքն այն է, որ «Նաիրիտ»-ը տարվում է դեպի սնանկացում և ըստ էության Հայաստանի դեմ ուղղված մարտահրավեր է: «Ովքեր են, և ինչ ձևով են ազդել այս գործարանի գործունեության դադարեցման վրա, խորհրդարանից դուրս որևէ այլ կերպ հնարավոր չէ պարզել: Այս ձեռնարկության հետ կապված քր եական գործի հարուցումը մերժվել է, սակայն հայտնի է, որ ընկերությունը տարբեր տարիների ընթացքում կուտակել է 150-400 միլիոն դոլարի պարտավորություններ, ընդ որում՝ այսօր գործարանի աշխատակիցները հայտնվել են գործազուրկի վիճակում»,- նշեց նա:

 

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ «Նաիրիտ»-ի հետ կապված մութ պամությունների բացահայտումը, գործարանի ապագան որոշելը, բազմաթիվ աշխատակիցների իրավունքների պաշտպանությունն այսօր դառնում է օրենսդիրի կարևորագույն խնդիրներից մեկը: «Դուք նաև տեղյակ եք, որ նախագիծը մենք ներկայացրել ենք բավական ժամանակ առաջ: Կառավարության և իշխանության ջանքերով հարցը չի դրվել քննարկման՝ հիմնավորելով, թե կառավարությունը ջանքեր է գործադրում գործարանի վերագործարկման ուղղությամբ, սակայն մենք տեսնում ենք, որ ոչինչ չի ստացվում այդ ուղղուևթյամբ, ուստի մենք առաջարկում ենք խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որի միջոցով հնարավոր կլինի ստանալ մեզ հուզող պատասխանները»,- ասաց Մինասյանը:

 

Ազգային ժողովը քնարկում է «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 19-ին բացասական եզրակացություն էր տվել որոշման նախագծին, ինչից հետո ՀՅԴ խմբակցությունն այն ներկայացրել էր արտահերթ քննարկման:

 

Մինչ Ազգային ժողովում ՀՅԴ պատգամավորը ներկայացնում է հանձնաժողով ստեղծելու հիմնավորումը, խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել են գործարանի աշխատակիցներն ու պահանջում են ստեղծել հանձնաժողով, որը կքննի իրենց խնդիրները, այդ թվում' աշխատավարձերի պարտքի հարցը: Մոտ 5 տասնյակ մարդ սպասում է Ազգային ժողովի որոշմանը: «Նաիրիտ»-ում որոշակի պարբերականությամբ իրականացվում են աշխատակիցների աշխատավարձերի գծով պարտքերի մարումներ՝ մեկ ասմվա գումարի չափով. վերջին վճարումը կատարվել է դեկտեմբերի 27-ին: Գործարանում շուրջ 1 տարվա աշխատավարձի պարտք է առկա: