Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն աննախադեպ է համարում ավարտված քառօրյան: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատգամավորը նշեց, որ քիչ են լինում դեպքեր, երբ ողջ քառօրյայի ընթացքում քննարկվում են միայն ներխորհրդարանական դեպքեր: «Դուք տեսաք, որ քննարկվեց երեք ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ, և կառավարությունը չհասցրեց նույնիսկ մեկ նախագիծ ներկայացնել: Սա աննխադեպ դեպք է խորհրդարանի համար»,-նշեց Վարդանյանը:
Անդրադառնալով խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծին, որը ձայների մեծամասնությամբ ընդունվեց, Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակցելու է հանձնաժողովի աշխատանքներին: «Քաղաքական մեծամասնությունն էլ հասկացավ, որ այստեղ խնդիրներ կան, և որքան էլ Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերը վավերացված են, գնաց այս հանձնաժողովի ստեղծման ճանապարհով: Մենք հիմա ամեն ինչ պետք է անենք այդ խնդիրներն ուսումնասիրելու, վեր հանելու և հանրությանը ներկայացնելու համար»,-ասաց Վարդանյանը:
Խորհրդարանում «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը քաղաքական մեծամասնությունը մերժեց, սակայն ՀՅԴ-ն առաջիկայում հանրային քննարկումներ կկազմակերպի՝ հրավիրելով մասնագետների և գործարանի նախկին աշխատակիցների: «Մենք ցանկանում ենք հրապարակային քննարկումներ անցկացնել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել գործարանի հետ սկզբից մինչև հիմա: Մեզ մտահոգում է ևս մեկ հարց: Քաղաքական մեծամասնությունը խոստացել է աշնանը կրկին հնարավորություն տալ անդրադառնալու այս հարցերին, սակայն մենք մտահոգված ենք, որ մինչ այդ կարող է գործարանը սնանկ ճանաչվել, ինչպես նաև կազմալուծվել գործարանի կոլեկտիվը»,- նշեց Վարդանյանը՝ չհամաձայնելով դիտարկումների հետ, թե «Նաիրիտի» հարցով հանձնաժողովի ստեղծումը կարող էր խանգարել «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցություններին:
Անդրադառնալով Մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը՝ Աղվան Վարդանյանը նշեց, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տալու համար: Նրա կարծիքով' կարելի է շրջել Մարտի 1-ի քաղաքական էջը, սակայն զոհերի և տուժածների հարազատներին փոխհատուցում տրամադրելու խնդիրը պետք է լուծել: