Հայ-ադրբեջանական սահմանն անուշադրության հետևանքով հատած Մամիկոն Խոջոյանին ադրբեջանական կողմը մարտի 4-ին կվերադարձնի Հայաստանին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի' գերիների և անհայտ կորածների հարցերով պետական կոմիտեի քարտուղար Շահին Սաիլովը: Նա հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության օգնությամբ Խոջոյանը կհանձնվի հայկական կողմին:
ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակից տեղեկությունը դեռեւս ոչ հաստատում, ոչ էլ հերքում են' խոստանալով տեղեկություն տրամադրել ավելի ուշ:
Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանի անհետացման մասին ահազանգ է ստացվել, նրան վերջին անգամ տեսել են հունվարի 28-ին' ժամը 14.00-15.00-ի սահմաններում' գյուղում արարողության ժամանակ: Խոջոյանը երեք որդի և երեք դուստր ունի, սակայն բնակվել է միայնակ: 77-ամյա գյուղացին առողջական խնդիրներ է ունեցել և վերջին 2-3 տարիներին հաշվառված է եղել ու գտնվել բժիշկների վերահսկողության ներքո: Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հունվարի 28-ին հայտնել էր հայ-ադրբեջանական շփման գիծը հատած քաղաքացու մասին, որը Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության բնորոշմամբ եղել է «զինված դիվերսանտ»:
Ադրբեջանի Պատանդների, անհայտ կորածների և գերիների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը նշել էր, որ Հայաստանի քաղաքացուն գետն անցնելիս Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչները նկատել ու հանձնել են ադրբեջանցի զինծառայողներին: Տարածված վարկածին, թե իբր Մամիկոն Խոջոյանը դիվերսանտ է կամ նրանց ուղեկցող, չեն հավատում անգամ Բաքվում: 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց էին արել ու հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցներում' խախտելով գ երիների մասին Ժնեւյան կոնվենցիան: Հարցազրույցի ժամանակ պարզ էր դարձել, որ Խոջոյանի ձեռքը կոտրված է: