Աշխարհում գոյություն ունի 50-ից ավելի հակամարտություն, և դրանք քաղաքական նպատակներ ու քաղաքական լուծումներ են պահանջում: Հակամարտությունները երբեք դոմինոյի էֆեկտով չեն լուծվում, հետևաբար ժամանակակից աշխարհում չի կարելի համեմատել հակամարտությունները: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որևէ առնչություն չունի Ղրիմի խնդրի հետ, քանի որ դրանք խիստ տարբեր իրավիճակներ են:

 

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանն էլ խորհուրդ տվեց քաղաքագիտական որոշ շրջանակների հնչեցրած հայտարարություններին լուրջ չվերաբերվել, քանի որ դրանք որևէ բովանդակություն չեն պարունակում և ընդհանուր առմամբ քարոզչության ոլորտից են: «Յուրաքանչյուր պետություն իր շահերից բխող դիրքորոշում է ունենում և եզրահանգումներ կատարում: Հայաստանը Ուկրաինայի հետ լավ հարաբերություններ ունի, և դա բխում է Հայաստանի շահերից: Եթե չունենա իր շահերը, որևէ պետություն ճանաչման գործընթաց չի իրականացնի: Հետևաբար, Հայաստանի քաղաքական գիծն այս ուղղությամբ ճիշտ է»,- «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ասաց Շահնազարյանը:

 

Երկու բանախոսներն էլ հավաստիացրեցին, որ Ուկրաինայի հարցում չեզոքություն պահպանելու և որևէ հայտարարություն չանելու Հայաստանի արտաքին քաղաքական գիծը դիվանագիտորեն լավ մշակած քայլ է, և հենց այդ ուղղությունը պետք է պահպանել առաջիկայում:

 

Իրավիճակն Ուկրաինայում շարունակում է թեժ մնալ: Իրադարձությունները Մայդանից տեղափոխվել են Ղրիմ: Ռուսական կողմն այնտեղ զորք է տեղակայում, իսկ միջազգային հանրությունը խիստ դատապարտել է Ուկրաինայում խնդիրների կարգավորման ռազմական լուծումը: Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մի շարք հայ վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, որ Հայաստանը պետք է դատապարտի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ու ճանաչի Ղրիմի անկախությունը, քանի որ Ղրիմի անկախացումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը: