Ազատության հրապարակում մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած արտահայտություններում դրական շեշտադրումներ են եղել: Մարտի 4-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգանավոր Կարինե Աճեմյանը դրական գնահատեց այն համգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բացառել է ՀԱԿ-ի որևէ գործողություն, որը կվտանգի երկիրը: «Դա արդեն լավ է, քանի որ իրենք միշտ բացասական և ծայրահեղական երանգավորումով են հանդես եկել»,- ասաց Աճեմյանը:
Ասուլիսին մասնակից Թեւան Պողոսյանն էլ խոստովանեց, որ որոշակի հիասթափություն է ապրել Լեւոն Տեր-Պետրոսյանի այն խոսքից, որ Մաքսային միությունն այլեւս անշրջելի է Հայաստանի համար, եւ օրակարգ ձեւավորելիս պետք է հաշվի առնել այդ փաստը: Ըստ Պողոսյանի, անհրաժեշտ է, որ արեւմտամետ դիրքորոշում ունեցող ուժերը համախմբվեն: Հարցին՝ հնարավո՞ր է դա լինի Ռոբերտ Քոչարյանի շուրջ, Պողոսյանը պատասխանեց. «Չգիտեմ' վաղը, մյուս օրն ինչ կլինի»:
Անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերին' Կարինե Աճեմյանը նշեց, որ դրանց համախմբման նպատակը 2017-2018թթ. ընտրություններն են: Նա հավանական համարեց, որ վերոնշյալ ուժերը կհամախմբվեն Ռոբերտ Քոչարյանի շուրջ: «Նրա գործողությունները խոսում են այն մասին, որ նա ինչ-որ ձևով ներկայացնում է հետագա քաղաքական գործընթացներին մասնակցելու հայտ»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Մարտի 1-ին ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ օրակարգ ձեւաորելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ Հայաստանը ապագայում դառնալու է Մաքսային միության անդամ: Նա խոստովանեց, որ այսուհետ Հայ ազգային կոնգրեսն էլ իր օրակարագը ձեւավորելիս այդ փաստն ուշադրության կենտրոնում է պահելու: