Հայաստանը ծրագրում է ներդնել տնային կալանքի խափանման միջոցը և էլեկտրոնային սարքերի միջոցով վերահսկել պատիժը կրողի շարժը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Թաթոյանը, էլեկտրոնային վերահսկողության սարքերի կիրառումը նախատեսված է Քրեական դատավարության նոր օրենսգրքի «նախագծով սահմանված տնային կալանքի և վարչական վերհսկողության խափանման միջոցների դեպքում: «Կա երկու խափանման միջոց, որոնց դեպքում կարող են կիրառվել էլեկտրոնային վերհսկողության սարքերը. տնային կալանք և վարչական վերահսկողություն: Երկրորդի դեպքում' անձին չես պարտադրում մնալ տանը, դու իրեն ասում ես' պարտավոր ես, օրինակ, շաբաթը երեք անգամ գնալ ու գրանցվել ոստիկանության բաժնում, պարտավոր ես չմոտենալ որոշակի անձանց, որոշակի ժամերի չգնալ այս կամ այն վայրը: Օրինակ, ասվում է' իրավունք չունես փոխել մշտական բնակության վայրդ: Էլեկտրոնային սարքը թույլ է տալիս այդ ամենը վերահսկել ու ստուգել: Տնային կալանքն ուրիշ է, այն ենթադրում է, դու տանից դուրս չպետք է դուրս գաս, որ, օրինակ, որոշակի մարդկանց չկարողանաս քո տանը հյուրընկալել, հնարավոր է նաև վերահսկվեն հեռախոսային խոսակցությունները, եթե դատարանն այդպիսի որոշում կայացնի: Վերահսկող սարքը հնարավորություն է տալու համապատասխան մարմիններին հետևել անձի վարքագծին: Կալանքի ենթարկված անձն անընդհատ սարքով ազդանշաններ է ստանալու, որոնց պարտավոր է արձագանքել, հակառակ դեպքում' անձը կխախտի խափանման պայմանները: Բնականաբար, եթե խախտում են կանոնները, ապա առաջանում է կալանքի վտանգ նրա համար»,-ասաց Արման Թաթոյանը:
Նրա հավաստմամբ' վերահսկողության էլեկտրոնային սարքերի ձեռքբերման հարցը նախարարության կողմից արդեն բարձրացրվել է: «Մենք արդեն բարձրացրել ենք սարքերի ձեռքբերման հարցը, որ դա անենք պետական միջոցների հաշվին, և միջազգային կազմակերպություններին ենք դիմել, որ կարողանանք դրանք ստանալ տարբեր ծրագրերի արդյունքում: Հարցը կոմպլեքս է, այժմ կարևորը ոչ միայն սարքերն են, այլև հետագայում առաջանալու է հարցը, թե ինչպես օգատգործենք դրանք: Մեզ պետք կգան փորձագետներ, ովքեր կօգնեն մեր տեղացի մասնագետներին' հասկանալ էլեկտրոնային վերահսկողություն իրակ անացնելու առանձնահատկությունները: Ոչ միայն տեխնիկական աշխատանքը կատարողների համար, այլ հենց քննիչների, դատավորների համար է պետք. յուրաքանչյուրին իրենց մասով»,-ասաց Արմեն Թաթոյանը' տեղեկացնելով, որ ներկայումս կան նախնական պայմանավորվածություններ: «Կարևորն այն է, որ նախագիծը չի պարտադրում տնային կալանքի վարչական վերահսկողության ձևը միայն էլեկտրոնային սարքերով իրականացնել, այլ ասում է' կարող է այդ տարբերակով արվել: Հնարավոր են դեպքեր, երբ էլեկտրոնային վերահսկողության անհրաժեշտությունը չառաջանա էլ»,-հավելեց փոխնախարարը:
Նշյալ սարքերի գնի առնչությամբ' փոխնախարարն ասաց, որ այս պահին հստակ արժեք չի կարող նշել: «Տարբեր մոդելներ ունեն տարբեր հնարավորություններ, ըստ այդմ' նաև տարբեր գներ: Այժմ քննարկվում է' ինչ հնարավորություններով մոդելներ ձեռք բերել, քանի որ էլեկտրոնիկան անընդհատ կատարելագործվում է»,-նշեց փոխնախարարը:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որն այժմ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման ներքո է, գործող օրենսգրքի համեմատությամբ ունի մի շարք առանձնահատկություններ: Այն ենթարկվել է ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային փոփոխությունների, մասնավորապես, Քրդատ օրենսգրքի նոր նախագծով պաշտպանական կողմին տրվել են նոր առավելություններ:
Այլընտրանքային խափանման միջոցների շրջանակն է ընդլայնվել, նոր խափանման միջոցներ են ավելացել և միանգամից մի քանի խափանման միջոց համակցված հնարավոր է լինելու կիրառել: Խափանման այլըտրանքային միջոցներ կան, որոնք ձևափոխվել են ու նորովի են ներկայացվում, օրինակ, գրավը, որը դարձել է խափանման միջոց:
Սահմավել են քրեական հետապնդման ժամկետներ, առկա է նախաքննության երկու ձև' պարզեցված և ընդհանուր նախաքննություն: Պաշտպանի և մեղադրյալի դատավարական հնարավորություններն էլ են ընդլայնվել, մասնավորապես, մինչդատական վարույթում ապացույցներ ներկայացնելը, փորձագետի կարծիք ստանալ. ուժեղացվել է մասնավոր մասնակիցների ինստիտուտը: Դատարավարության փուլերն են ենթարկվել փոփոխությունների, մասնավորապես, նոր նախագծով առկա են նախնական, հիմնական և լրացուցիչ դատալսումներ:
Մասնագետների հավաստմամբ' նոր օրենսգրքի նախագծում ընկած է գաղափարախոսություն, որի դրույթները պայմանավորված են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավարություններով: Հաշվի է առնվել միջազգային փորձը, չկա մի երկիր, որի քրեական դատավարության օրենսգրքին լիովին համապատախանեցված լինի նոր նախագիծը, այն մշակվել է' հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի առանձնահատկությունները:
Անի Նազարյան