Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու իր պատրաստակամության մասին այն դեպքում, եթե իր գլխավորած' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չհաղթի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Հայտարարում եմ ուղղակի եւ բաց. եթե ԱԶԿ-ն առաջինը չլինի այս ընտրություններում, ես պատրաստ եմ հեռանալու քաղաքականությունից», -ասել է Էրդողանը:
Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պետք է տեղի ունենան 2014 թ. մարտի 30-ին: Ենթադրվում է, որ ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ԱԶԿ-ի եւ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության միջեւ:
Երկու ամիս առաջ թուրքական իրավապահ մարմինների կողմից անցկացված գործողությունների արդյունքում բացահայտվել էր Էրդողանի, նրա որդիների, կառավարության անդամների' խոշոր ծավալների հասնող կոռուպցիոն գործարքները: Այդ փաստերն արտացոլող հեռախոսային զրույցների ձայնագրությունները համացանցում հայտնվելուց հետո, իշխող կուսակցության եւ, հատկապես' Էրդողանի հեղինակությունն ու վարկանիշը Թուրքիայում խիստ ընկել է:
Համացանցում հայտնված հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններում Էրդողանը հանձնարարում է իր ավագ որդուն ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարի կանխիկ գումարը: Այդ ցնցող բացահայտումը պատճառ դարձավ Թուրքիայում համատարած կոչերի' Էրդողանի հրաժարականի պահանջով:
Թուրքիայում բացահայտված կոռուպցիոն սկանդալը կարող է վերջ դնել Էրդողանի քաղաքական կարիերային, եւ նա կարող է կորցնել ոչ միայն վարչապետի իր պաշտոնը եւ մոտ ապագայում Նախագահ դառնալու հնարավորությունը, այլեւ կարող է իր հանցագործությունների համար ենթարկվել երկարատեւ ազատազրկման: