ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն այն կարծիքին են, որ Ռուսաստանն արդեն սկսել է վճարել Ուկրաինայում իր գործողությունների գինը: Այդ մասին ասված է երկու երկրների ղեկավարների հերթական հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

 

Դրանում նշվում է, որ «երկու ղեկավարները լուրջ անհանգստություն են հայտնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության բացահայտ խախտման կապակցությամբ»: Ընդսմին Օբաման եւ Քեմերոնը մատնանշել են, որ ներկայիս իրադրությունն անընդունելի է: Մոսկվան «արդեն սկսել է վճարել իր գործողությունների գինը, ինչի դրսեւորումներից մեկը ներդրումային վստահության նվազումն է Ռուսաստանում», ասված է փաստաթղթում:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը ողջունել են զինվորական դիտորդների առաքելությունը, որը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հովանու ներքո իրականացվում է Ուկրաինայի կառավարության խնդրանքով: Սպիտակ տանը նշել են, որ զրույցի ընթացքում նրանք քննարկել են նաեւ Կիեւի ներկայիս իշխանություններին օգնություն ցուցաբերելու հարցերը: