Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչները չեն մասնակցել մարտի 6-ի կեսօրին Արագածոտնի մարզում՝ Երևան-Ապարան ավտոճանապարհի փակման ցույցին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Նոր Երզնկայի գյուղապետ Ալինա Հարությունյանը: «Ես համոզված եմ, որ մեր գյուղից ոչ ոք չի մասնակցել»,- ասաց Հարությունյանը:
Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ կեսօրին Երևան-Ապարան ավտոճանապարհը փակել են յոթ գյուղերի, այդ թվում' Նոր Երզնկայի բնակիչները:
Մարտի 6-ի առավոտյան Արագածոտնի մարզի գյուղերի բնակիչներ են հավաքվել Երևան-Ապարան ավտոճանապարհին' փորձելով խոչընդոտել երթեւեկությունը: Նրանց հետ հանդիպման է գնացել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով եւս բնակիչներին տեղեկացրել է, որ կատարվում են ջրատարի նորոգման աշխատանքներ: «Ջրանցքով Արմավիրի մարզի գյուղերն են սնվում: Աշխատանքները կատարվում են պետության կողմից հատկացված դոտացիայով: Ջրանցքի նորոգման աշխատանքներն իրականացվում են ջրի կորուստը նվազեցնելու համար»,- ասել է մարզպետը: