Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման մասին լուրերն ապատեղեկատվություն են: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

 

«Դիվանագիտական հարաբերությունների մասին ես երբեևէ մտքեր չեմ արտահայտել, ոչ հրապարակավ և ոչ էլ Անվտանգության Խորհրդի նիստերի ընթացքում: Այնպես որ նման «լուր»-ը որևէ հիմք չունի»,- ՌԴ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նշել է Չուրկինը:

 

Նրա կարծիքով' նման խոսակցությունների պատճառ կարող է դառնալ ԱԽ-ի փակ նիստից հետո իրեն ուղղված հարցի պատասխանը: «Լրագրողներից մեկը հարցրեց ինձ, թե ինչու արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Փարիզում չի հանդիպել ուկրաինացի իր գործընկերոջը, որ մենք Ուկրաինայի ներկայիս իշխանություններին ոչ լեգիտիմ ենք համարում, դրա համար էլ զերծ ենք մնում նրանց հետո կապերից»,- բացատրել է Չուրկինը:

 

Նա ավելացրել է, որ ուկրաինացի գործընկերների հետ չեն շփվում, քանի որ նրանք չեն դիմում ռուս դիվանագետներին: «Հենց նրանք են Անվտանգության Խորհրդի նիստեր պահանջում' չբացատրելով մեզ, թե ինչու են դա անում»,- հստակեցրել է Չուրկինը:

 

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել Ռուսաստանի հետ: