ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում վերսկսվել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին աշխատակից Ա. Մ.-ի կողմից յուրացման եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ' ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հարկադ իր կատարող Ա. Մ.-ն 2013թ. ընթացքում իր վարույթում գտնվող մեկ տասնյակից ավել կատարողական վարույթներով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հայցերով պարտապաններից' ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու, ապա պահանջատերերի' ՀՀ ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների միջոցով ՀՀ պետական բյուջե փոխանցելու համար գանձված, համապատասխան անդորրագրերով իրեն վստահված խոշոր չափերի գումարը ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի վճարել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործելով' յուրացրել է:
2014թ. փետրվարի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողից ստացվել է գրություն' այն մասին, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ՀՀ ՊԵԿ հայցերով բռնագանձումների բաժնի նախկին հարկադիր կատարող Ա. Մ.-ի կողմից հարուցված կատարողական վարույթների լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ առկա է ևս մեկ կատարողական վարույթ, որով բռնագանձված գումարը չի մուտքագրվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին:
2013թ. դեկտեմբերի 17-ին Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: