ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն մարտի 6-8-ը աշխատանքային այցով գտնվում էր Պորտուգալիայում և Իսպանիայում:
Լիսաբոնում նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության նախագահ Արթուր Սանթոս Սիլվայի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հոգաբարձու, Գալուստ Գյուլբենկյանի ծոռ Մարտին Եսայանի, հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար, դոկտոր Ռազմիկ Փանոսյանի և Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքների հետ Սփյուռքում և ՀՀ-ում կրթական, մշակութային, հետազոտական համատեղ ծրագրեր իրականացնելու, սիրիահայ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու, երիտասարդ գիտնականների աջակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունն է հայտնել 2014-2017թթ. «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքների ծրագրերին՝ նշելով, որ դրանք Հայրենիք-Սփյուռք գործակցությանը, արևմտահայերենի պահպանմանը և հայապահպանությանը միտված լավագույն քայլեր են: «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի 2014թ.-ի աշխատանքներում բացի վերը նշված ծրագրերից, նախատեսվում է նաև աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ձևավորմանը, ընդհանուր առմամբ հայաստանյան ծրագրերին տրամադրելով շուրջ 800 հազար ԱՄՆ դոլար:
Նախարարը այցելել է նաև «Գալուստ Կյուլպենկյանի» անվան թանգարան, ծանոթացել մեծ բարերարի հարուստ հավաքածուին, որտեղ տեղ են գտել արվեստի և մշակույթի արժեքավոր գործեր, մասնակցել է «Գալուստ Կյուլպենկյանի» անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որի կազմում ընդգրկված են նաև երեք երիտասարդ երաժիշտ Հայաստանից:
ՀՀ սփյուռքի նախարարը «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության նախագահ Արթուր Սանթոս Սիլվային ՀՀ վարչապետի անունից հրավիրեց Հայաստան, ով սիրով ընդունեց հրավերը:
Հաջորդ օրը ՀՀ սփյուռքի նախարարն այցելել է Իսպանիայի Բարսելոնա քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Հայրապետական պատվիրակ, Իսպանիայի և Պորտուգալիայի ընդհանուր փոխանորդ Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտյանի, Բարսելոնայի հայկական մշակութային միության նախագահ Սևադա Սահակյանի և հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ:
Նախարարը ծանոթացել է Բարսելոնայի մեկօրյա վարժարանի աշխատանքներին, հանդիպել վարժարանի սաներին, ուսուցիչներին և վարժարանի տնօրինությանը: Հանդիպման ժամանակ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց նվիրումի և ազգապահպան գործի համար, ինչպես նաև իր մաղթանքներն է հղել Բարսելոնայի Հայկական Մշակութային միությանը՝ ծավալած գործունեության համար, հաջողություն մաղթել միության ծրագրերին և միջոցառումներին: Պայամանավորվածություն է ձեռք բերվել Բարսելոնայի Հայկական Մշակութային միության և ՀՀ սփյուռքի նախարարության հե տ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ապրիլի 18-19 Բարսելոնա քաղաքում կազմակերպվող «Եվրոպայի համահայկական 20-րդ խաղերին»:
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է Սփյուռքի նախարարության 5-ամյակում իրականացրած հիմնական ծրագրերը, խոսել 2014 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին: