Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ղրիմի հանրաքվեն անցկացնող հանձնաժողովը Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հանրաքվեին ներկա լինելու համար դիտորդներ ուղարկելու մասին ծանուցում է ստացել: Այդ մասին հայտնել է հանրաքվեի անցկացման հարցով հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշևը:

 

«Մենք 14 մարդու համար մեկ ծանուցում ենք ստացել: Մենք խիստ շահագրգռված ենք, որպեսզի դիտորդները հնարավորինս շատ լինեն, որպեսզի նրանք տեսնեն, որ ղրիմցիների կամարտահայտությունն անցկացվում է բաց և ազատ»,-հայտարարել է Մալիշևը:

 

Ավելի վաղ ԵԱՀԿ-ն նախագահող Շվեյցարիային ևս հրավեր է փոխանցվել, որպեսզի մարտի 16-ին Ղրիմում կայանալիք հանրաքվեին ներկա լինեն ինչպես այդ կազմակերպության, այնպես էլ առանձին երկրների դիտորդներ:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Արևելքի և Հարավի մի շարք շրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ճանաչել Ռադայի ընդունած որոշումների լեգիտիմությունը' հայտարարելով Յանուկովիչի պաշտոնազրկման անօրինականության մասին, ինչպես նաև որոշում են կայացրել հանրաքվեներ անցկացնել' իրենց շրջանների ապագայի շուրջ: Ղրիմի կարգավիճակի հանրաքվեն նշանակվել է մարտի 16-ին: