Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել Է, որ Կիեւն ամեն ինչ կանի, որպեսզի Մոսկվայի հետ հակամարտությունը կարգավորի խաղաղ ճանապարհով:

 

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր արեւմտյան գործընկերների հետ միասին այդ հակամարտությունը կարգավորենք խաղաղ ձեւով, դիվանագիտական ու քաղաքական միջոցներով»,-մարտի 11-ին Կիեւում լրագրողներին ասել Է Յացենյուկը:

 

«Բոլորը պետք Է հանդարտվեն ու մտածեն, առաջին հերթին, գլխով,-կոչ Է արել վարչապետը:- Ուկրաինայի զինված ուժերի եւ Ռուսաստանի զինված ուժերի հարաբերակցությունը, օրինակ, ավիացիայի բնագավառում, 1:98 Է»:

 

Մինչդեռ անարդյունք Է ավարտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ վերջին տասն օրվա ընթացքում թվով արդեն հինգերորդ նիստը, որտեղ քննարկվել է Ուկրաինայի իրադրությունը: Հանդիպումն ընթացել է փակ դռների հետեւում համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի մասնակցությամբ:

 

Ավելի քան մեկուկես ժամ տեւած փակ քննարկումներից հետո ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը լրագրողների հետ չի շփվել:

 

«Մենք կարծում ենք, որ ճգնաժամի խաղաղ կարգավորումը հնարավոր է»,- ասել է Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն: «Գուցեեւ սա անօգուտ հանդիպում էր, բայց եթե կա հաջողության հասնելու թեկուզ մեկ տոկոս հնարավորություն, մենք պարտավոր ենք փորձել, որովհետեւ ցանկանում ենք խուսափել էլ ավելի վատթար սցենարից»,- նշել է նա:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ Սիլվի Լուկասը լրագրողներին ասել է, որ խորհրդի նիստում նրա մի քանի անդամներ դեմ են արտահայտվել Ղրիմում անցկացվելիք հանրաքվեին: