Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը մարտի 11-ին ստորագրել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» երրորդ մասնաբաժինը՝ 100 մլն դոլարի չափով վարկային համաձայնագիրը:
Ներդրումային այս ծրագրի նպատակն է ստեղծել արդյունավետ, անվտանգ և կենսակայուն «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք, որը կապահովի Հայաստանի ներքին տարածքների միջև, ինչպես նաև այլ երկրների հետ միջազգային կապը:
Համաձայնագրի երրորդ մասնաբաժինը կազմված է հետևյալ հիմնական բաղադրիչներից. Թալին քաղաքի և Լանջիկ գյուղի միջև գտնվող մոտ 18.7 կմ երկարությամբ երկուղի ճանապարհային հատվածի վերակառուցում և դրա ընդլայնում' վերածելով այն երկկողմանի երթևեկության քառուղի մայրուղու, երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագրի, ճանապարհային ակտիվների կառավարման և ընթացիկ պահպանության վարչական համակարգի մշակում և իրականացում, «Հյուսիս-հարավ» միջանցքի մոտ 304 կմ երկարությամբ' Արտաշատից Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատրաստում, ինչպես նաև ծրագրի իրականացմանն աջակցություն և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա մասնաբաժնի նախապատրաստում, այդ թվում' տեխնիկատնտեսական ուսումնասիրության և ճարտարագիտական մանրամասն նախագծի պատրաստում: