ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խորհուրդն ի գիտություն է ընդունել «Սերենիսսիմա կոստրուցիոնի» ընկերության հետ պայմանագրի լուծումը և հաստատել Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը: Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի «Տրանշ 2»-ի շրջանակում աուդիտի ծառայությունների ձեռքբերման մրցույթի գնահատման արդյունքները և պայմանագիրը շնորհել «Գրանդ Թորոնթոն» ՓԲԸ-ին: