Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն ընդունեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի նոյեմբերի 7-ին և 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագիրը: Նախագծին կողմ քվեարկեց 67 պատգամավոր, դեմ՝ 37, ձեռնպահ՝ 11:
Ըստ պայմանագրի՝ նախատեսված է Հայաստանին տրամադրել 60 միլիոն եվրո գումարի չափով վարկ' Լանջիկ-Գյումրի' 27.47 կմ ճանապարհատավածի կառուցման համար: Ստորագրված պայմանագրով' վարկի ստացումն ու սպասարկումն իրականացվում է եվրոյով: Վարկային միջոցները տրամադրվելու են առավելագույնը 12 մասնաբաժնով' յուրաքանչյուրն առնվազն 5 միլիոն եվրոյի չափով: Միջոցները փոխանցվելու են ծրագրի շրջանակներում Հայաստանի անունով բացված գանձապետական հաշվին, որը պետք է լինի գանձնապետական միասնական հաշվի ենթահաշիվ:
Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով' ապրիլին և հոկտեմբերին: Յուրաքանչյուր մասնաբաժին ունենալու է իր մարման ժամանակացույցը: Այս վարկի շրջանակներում միայն տոկոսադրույքի մարման համար նախատեսված է մինչև 5 տարի ժամկետ, որը վարկի լավագույն կողմի մասին է խոսում: Այսինքն' վճարումները կատարվելու են միայն տոկոսների մասով: Երկու տիպի տոկոսադրույք է նախատեսված' հաստատագրված և լողացող: Վարկի տարեկան սպասարկումն էլ արժենալու է մեկ տոկոս:
ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված վարկային համաձայնագիրը, որին կողմ քվեարկեց 66, դեմ 37՝ ձեռնպահ՝ 12 պատգամավոր: «Համաձայնագրով նախատեսված է Հայաստանին տրամադրել 100 միլիոն դոլարի վարկ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ' 18.7 կմ ճանապարհահատվածի շինարարության ծրագրի համար: Վարկի մարման ժամկետը 28 տարի է, որից 7 տարին արտոնյալ է' միայն տոկոսադրույքն է սպասարկվելու: Մայր գումարի մարումն իրականացվելու է 42 հավասար կիսամյակային վճարումներով' 2021-2041թթ.: Վարկի սպասարկման գծով վճարման ամսաթվեր են յուրաքանչյուր տարվա մայիսի մեկն ու նոյեմբերի մեկը:
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են' նշյալ ճանապարհահատվածի կառուցումը ընդլայնումով' վերածելով այն երկկողմանի երթևեկության քառուղի մայրուղու, երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագիրը, ճանապարհային ակտիվների կառավարման ու ճանապարհային ընթացիկ պահպանության վարչական համակարգի մշակումը և իրականուցումը, ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի» մոտ 304 կմ երկարությամբ' Արտաշատից Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումասիրության պատրաստումը, ծրագրի իրականացման աջակցությունն ու ներդրումային ծրագրի հետագա տրանի նախապատրաստումը:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել նաև Թալին և Լանջիկ քաղաքների միջև գտնվող 18.7 կմ հատվածի շինարարության վերահոսկողություն: Միջոցները կուղղվեն նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի մոտ 304 կմ երկարությամբ հատվածի նախանական նախագծի պատրաստմանը, միջանցքի Արտաշատից Քաջարան հատվածում 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածի մանրամասն նախագծմանը: Ծրագիրը ներառում է նաև խորհրդատվական ծառայությունների տրամադրում:
Ավելի վաղ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկությամբ հավանություն էր տվել ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի իրականացման համար երկու վարկային համաձայնագրերը դրական եզրակացությամբ Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը ներկայացնելու հարցին: