ՀՀ Ազգային ժողովն ավարտեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի իրականացման համար երկու վարկային համաձայնագրերի քննարկումը:
Համաձայնագրերի էությունը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի նոյեմբերի 7-ին և 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական համաձայնագիրը' Արթուր Առաքելյանը նշեց, որ ըստ համաձայնագրի' նախատեսված է Հայաստանին տրամադրել 60 միլիոն եվրո գումարի չափով վարկ' Լանջիկ-Գյումրի' 27.47 կմ ճանապարհատավածի կառուցման համար: «Ստորագրված պայմանագրով' վարկի ստացումն ու սպասարկումն իրականացվում է եվրոյով: Մասնավորման ժամկետն է 2016թ. սեպտեմբերի 30-ը, վարկային միջոցները տրամադրվելու են առավելագույնը 12 մասնաբաժնով' յուրաքանչյուրն առնվազն 5 միլիոն եվրոյի չափով: Միջոցները փոխանցվելու են ծրագրի շրջանակներում Հայաստանի անունով բացված գանձապետական հաշվին, որը պետք է լինի գանձնապետական միասնական հաշվի ենթահաշիվ»,- նշեց Արթուր Առաքելյանը:
Նրա խոսքով' վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով' ապրիլին և հոկտեմբերին: «Յուրաքանչյուր մասնաբաժին ունենալու է իր մարման ժամանակացույցը: Այս վարկի շրջանակներում միայն տոկոսադրույքի մարման համար նախատեսված է մինչև 5 տարի ժամկետ, որը վարկի լավագույն կողմի մասին է խոսում: Այսինքն' վճարումները կատարվելու են միայն տոկոսների մասով: Պետք է նշեմ, որ երկու տիպի տոկոսադրույք է նախատեսված' հաստատագրված և լողացող: Վարկի տարեկան սպասարկումն էլ արժենալու է մեկ տոկոս»,- նշեց փոխնախարարը:
Արթուր Առաքելյանը ներկայացրեց նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված վարկային համաձայնագիրը: «Համաձայնագրով նախատեսված է Հայաստանին տրամադրել 100 միլիոն դոլարի վարկ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ' 18.7 կմ ճանապարհահատվածի շինարարության ծրագրին: Վարկի մարման ժամկետը 28 տարի է, որից 7 տարին արտոնյալ է' միայն տոկոսադրույքն է սպասարկվելու: Մայր գումարի մարումն իրականացվելու է 42 հավասար կիսամյակային վճարումներով' 2021-2041թթ.: Վարկի սպասարկման գծով վճարման ամսաթվեր են յուրաքանչյուր տարվա մայիսի մեկն ու նոյեմբերի մեկը: Վարկի արժեքն այստեղ ևս մեզ համար լինելու է մեկ տոկոս»,- հայտնեց Առաքելյանը:
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են' նշյալ ճանապարհահատվածի կառուցումը ընդլայնումով' վերածելով այն երկկողմանի երթևեկության քառուղի մայրուղու, երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագիրը, ճանապարհային ակտիվների կառավարման ու ճանապարհային ընթացիկ պահպանության վարչական համակարգի մշակումը և իրականուցումը, ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի» մոտ 304 կմ երկարությամբ' Արտաշատից Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումասիրության պատրաստումը, ծրագրի իրականացման աջակցությունն ու ներդրումային ծրագրի հետագա տրանշի նախապատրաստումը:
Փոխնախարարի խոսքով' ծրագրով նախատեսվում է իրականացնել նաև Թալին և Լանջիկ քաղաքների միջև գտնվող 18.7 կմ հատվածի շինարարության վերահոսկողություն: «Միջոցները կուղղվեն նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի մոտ 304 կմ երկարությամբ հատվածի նախնական նախագծի պատրաստմանը, միջանցքի Արտաշատից Քաջարան հատվածում 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածի մանրամասն նախագծմանը: Ծրագիրը ներառում է նաև խորհրդատվական ծառայությունների տրամադրում»,- իրազեկեց փոխնախարարը:
Ավելի վաղ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկությամբ հավանություն էր տվել ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի իրականացման համար երկու վարկային համաձայնագրերը դրական եզրակացությամբ Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը ներկայացնելու հարցին: