Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մարտի 11-ին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ոուրլիքի կողմից դրական արձագանքի է արժանացել: Համանախագահը Twitter-ի իր էջում գրել է խաղաղ կարգավորման հասնելու վերաբերյալ հայկական կողմի պատրաստակամության մասին: «Բանակցություններն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հաստատեցին այն, որ Հայաստանը փնտրում է ուղիներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մենք հետևողական կլինենք երկխոսության հարցում ուղիներ գտնելու համար»,-գրել է Ուորլիքը:

 

Ավելի ուշ ԱՄՆ համանախագահը թողել է ևս մեկ գրառում, որում ասվում. «Ակնկալում ենք բանակցություններ ունենալ Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Մենք հաստատակամ ենք աշխատել միասին Ֆրանսիայի հետ' աջակցելու խաղաղության հաստատմանը»:

 

Մոսկվայում մարտի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

 

Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին են ներկայացրել նախորդ օրը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման բովանդակությունը և տպավորությունները։