Ծախսերի ընդհանուր գումարը, որոնք կապված են 2011 թվականին տեղի ունեցած «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի հետ, ներկայում հասել Է 107 մլրդ դոլարի, տեղեկացնում Է ճապոնական NHK հեռուստաալիքը:

 

Նշված գումարը հեռուստաալիքի աշխատակիցներն ստացել են այն բանից հետո, երբ նրանք համադրել են վնասի այն վերջին գնահատումները, որ արել են երկրի կառավարությունը եւ վթարային ատոմակայանի գործարկու ընկերությունը՝ TEPCO-ն:

 

Մասնավորապես, 24 մլրդ դոլար կծախսվի ատոմակայանի տարածքը մաքրելու, 11 մլրդ դոլար՝ ճառագայթաակտիվ ջրի ամբարների կառուցման եւ ավերված շինարարական կոնստրուկցիաների պահեստավորման, 19 մլրդ դոլար՝ աղտոտված ջրի օգտահանման համար:

 

Բացի այդ, 48,5 միլիարդ դոլար պետք Է որպես փոխհատուցում վճարվի ատոմակայանի վթարի հետեւանքների համար:

 

Նախօրյակին Ճապոնիան լռության րոպեով հարգել Է 2011 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը: Տոկիոյում կայացած սգո արարողությանը մասնակցել Է 1200 մարդ, այդ թվում՝ կայսերական ընտանիքի անդամները, Ճապոնիայի կառավարությունը, արտասահմանյան պետությունների դեսպանները:

 

9 մագնիտուդով երկրաշարժը, որն ստացել Է Արեւելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժ անվանումը, տեղի Է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին երկրի հյուսիս - արեւելքում: Այն առաջացրել Է վիթխարի ցունամի, որի հիմնական հարվածն իրենց վրա են ընդունել Միյագիի, Իվատեի եւ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաները: Ալիքի բարձրությունը հասել Է 15 եւ ավելի մետրի: Տարերքը խլել Է 15 հազար 884 մարդու կյանք, եւս 2 633 մարդ նախկինի պես համարվում Է անհայտ կորած: Մինչ օրս ավելի քան 260 հազար մարդ ապրում Է ժամանակավոր կացարանում:

 

Ցունամիից հետո ավերածությունների մակերեսը կազմել Է 530 քառակուսի կիլոմետր, լիովին կամ մասնակիորեն քանդվել Է շուրջ 250 հազար տուն: Տարերային աղետից նաեւ վթարի Է ենթարկվել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, որի հետեւանքների լիակատար վերացման համար կպահանջվի շուրջ 40 տարի: