ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայությունը (IRS) մեղադրել է Facebook ընկերությանը 9 միլիարդ դոլար հարկեր թաքցնելու մեջ: Գործակալությունը դատարանի միջոցով պահանջում է վերականգնել գումարը սոցիալական ցանցից, գրում է Reuters-ը:
Դատական նիստն սկսվել է փետրվարի 18-ին՝ Սան Ֆրանցիսկոյի դատարանում: Ակնկալվում է, որ գործընթացը կշարունակվի երեք-չորս շաբաթ:
Ամերիկյան հարկային ծառայության պահանջները վերաբերում են Իռլանդիայում գրանցված ընկերության «դուստր» ձեռնարկությանը, որին փոխանցվել է մտավոր սեփականության իրավունքը։ Ամերիկյան կորպորացիաները հաճախ դուստր ձեռնարկություն են բացում Իռլանդիայում՝ 12,5 տոկոս ցածր կորպորատիվ հարկի պատճառով (ԱՄՆ-ում այն կազմում է 35 տոկոս): ԱՄՆ հարկային ծառայությունը պնդում է, որ մտավոր սեփականության իրավունքները փոխանցման ժամանակ թերագնահատվել են։