Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ինչպես Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), այնպես էլ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնական Անջեյ Կասպրչիկը:
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկայիս իրադրությունը:
Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդես է եկել մի ուշագրավ հայտարարությամբ, որ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հարցով հաշտության պայմանագիր կնքել, բայց որոշ նախապայմաններով. «Պաշտոնական Բաքուն պատրաստ է ստորագրել բազմակողմ խաղաղության պայմանագիր»,-ասել է Մամեդյարովը:
Լուրեր.com-ի զրուցակիցն է փորձագետ Տիգրան Աբրահամյանը.
-Ինչպե՞ս կմեկնաբանեք, Մամեդյարովի հայտարարությունը «խաղաղության պայմանագրի» մասին:
-Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսում է Ադրբեջանի' մի պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին, որն իրականում գոյություն չունի: Ինչպե՞ս է Ադրբեջանում պատրաստվում ստորագրել մի պայմանագիր, որը ոչ մշակվել է, ոչ էլ քննարկվել: Ադրբեջանը նույնիսկ իր համաձայնությունը չի տվել «Հիմնարար սկզբունքների» փաստաթղթին: Նախատեսված էր, որ «Հիմնարար սկզբունքների» մասին փաստաթուղթը Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ստորագրելուց հետո, այն պետք է ներկայացվի արցախյան կողմին և միայն նրա համաձայնությունից հետո, միջնորդները պետք է անցնեին Խաղաղության մեծ պայմանագրի մշակմանը' հետագայում կողմերին ներկայացնելու նպատակով, սակայն Ադրբեջանը հետ կանգնեց փաստաթղթի ստորագրումից:
Իրականում Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե կառուցողական է տրամադրված ու պատրաստ է ջանքեր գործադրել' բանակցություններում առաջընթաց գրանցելու համար: Սակայն, իրականում Ադրբեջանն ամեն ինչ անում է պրոցեսը տապալելու համար, որի ամենավառ օրինակը 2011 թվականի Կազանյան հանդիպումն է, որտեղ նախատեսված էր «Հիմնարար սկզբունքների» մասին փաստաթղթի ստորագրումը, սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվեց փաստաթղթի ստորագրումից:
-Երեկ տեղի է ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձել է Ջեյմս Ուորլիքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք համանախագահի գնահատականն ու հայտարարությունը:
-Համանախագահների հանդիպումները երկու երկրների ԱԳ նախարարների ու նախագահների հետ պարբերական բնույթ են կրում և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը, որպես կանոն, բավականին «ժլատ» է լինում: Վերջին հանդիպման հետ կապված ամերիկացի համանախագահը, ով, ինչպես հայտնի է, բավականին ակտիվ է Թվիթերում, արդեն իսկ արտահայտել է իր կարծիքը: «Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման Լեռնային Ղարաբաղի հարցում»,-ասել է Ուորլիքը:
Սա նշանակում է, որ միջնորդները նվազագույնը համոզվել են, որ Հայաստանի ջանքերը' ուղղված ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, անկեղծ են: Միևնույն ժամանակ, պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն այն մեկնաբանություններին, որոնք հնչում են համանախագահների կողմից, այլ նրանց, որոնք չեն արտահայտվում: Եթե ուշադրություն դարձնեք համանախագահների ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը ու դրան հետևած արձագանքներին, ապա պարզ է դառնում' այդ հանդիպումից հետո համանախագահներն առանձնապես արտահայտելու բան չեն ունեցել:
-Այս օրերին Ղրիմում ծավալվող իրադարձությունները լարված իրավիճակ են ստեղծել նաև տարածաշրջանում: Բազմիցս են համեմատականներ անցկացվում ԼՂՀ-ի և Ղրիմի միջև: Ղրիմի հարցի ցանկացած հանգուցալուծում ի՞նչ ազդեցություն կունենա ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացի վրա:
-Այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, պարզորոշ ցույց տվեց, որ Ուկրաինան աշխարհում ձախողված երկրների շարքում է: Որքան էլ փորձեն «Մայդանը» ներկայացնել որպես ակտիվ, իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող քաղաքացիների կամքի արտահայտման վայր, պետք է խոստովանել, որ իրականում իշխանափոխության ուղղված պայքարում բացակայում էր պետության գաղափարը: Երկուստեք պայքարի արդյունքում տրորվեց պետությունն ու նրան խորհրդանշող բոլոր ատրիբուտները: Այդ պայքարի էֆեկտիվության գնահատման համար պետք է առաջին հերթին դիտարկել այն հետևանքները, ինչը ծնեց այդ իշխանափոխությունը ու այն գինը, ինչը վճարել ու վճարելու է ուկրաինացի ժողովուրդը:
Ղրիմում ստեղծված իրավիճակն ու հանրաքվեի գործընթացն առիթ դարձան, որպեսզի այն համեմատականության մեջ դրվի Արցախի հետ, մասնավորապես, նախադեպային իմաստով: Իրականում Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացման նախադեպերի պակաս աշխարհում չկա. Կոսովո, Հարավային Սուդան… այս երկրների շարքը կարելի է շարունակել, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, այդ թվում' քաղաքական առումով, ինչը ամենից կարևորն է: Այստեղ առավել կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից ՌԴ նախագահը, ով քիչ ազդեցություն չունի միջազգային գործընթացների վրա, հայտարարում է, որ տվյալ տարածքում ապրող մարդիկ իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը: Այո, ՌԴ նախագահն իրավացի է, հենց այդպես էլ ժամանակին վարվել են արցախցիները' հանրաքվեի միջոցով որոշել' թե ինչպես և որ ուղղությամբ շարժվեն:
Հայաստանի ու Արցախի համար կարևոր է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հնարավորինս արագ կարգավորվեն' երկխոսության շրջանակներում: Պետք է այնպիսի քաղաքական լուծում գտնվի, որը հնարավորինս արագ կապահովի կայուն Ուկրաինա. առաջին հերթին հենց դա է կարևոր' ինչպես մեր ռեգիոնի, այնպես էլ Հայաստանի ու Արցախի համար:
Գայանե Համբարձումյան