ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները նամակ Է ուղարկել Հռոմի Ֆրանցիսկոս պապին եւ նրան հրավիրել ելույթ ունենալ ԱՄՆ-ի Կոնգրեսի զույգ պալատների առջեւ: Այդ մասին հայտնել Է ամերիկացի օրենսդիրը:

 

Սպասվում Է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը ԱՄՆ կժամանի եկող տարվա սեպտեմբերին: Այցի ընթացքում, բացի Վաշինգտոնից, նա կայցելի Ֆիլադելֆիա: Այս ամսին նախագահ Բարաք Օբաման պլանավորում Է հովվապետի հետ հանդիպել իր եվրոպական շրջագայության ընթացքում: Հռոմի պապի մոտ ընդունելությունը պետք Է կայանա մարտի 27-ին Վատիկանում:

 

«Հայտնելով իմ հարգանքն ու հիացմունքը՝ ես Ֆրանցիսկոս պապին՝ որպես Սբ. աթոռի ղեկավարի եւ Հռոմի՝ Արեւմտյան կիսագունդը ներկայացնող առաջին պապի, հրավիրում եմ ելույթ ունենալ Կոնգրեսի զույգ պալատների առջեւ»,-նշվում Է խոսնակ Բեյների հայտարարության մեջ, որը համարվում Է ԱՄՆ-ի՝ կաթոլիկություն դավանող ամենաբարձրաստիճան պաշտոնական ներկայացուցիչը: Երկրի պետական հիերարխիայում նա երրորդ դեմքն Է նախագահից ու փոխնախագահից հետո:

 

Վերջերս կատարված հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ի՝ կաթոլիկություն դավանող քաղաքացիների 80 տոկոսից ավելին հայտնել են քահանայապետի նկատմամբ իրենց դրական վերաբերմունքի մասին: Գրեթե նույնքանն Էլ այն կարծիքին են, որ Ֆրանցիսկոսը ճիշտ ուղղությամբ Է տանում Հռոմի կաթոլիկ եկեղեցին:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Կոնգրեսի զույգ պալատների առջեւ օտարերկրյա ղեկավարների ելույթները բավականին հազվադեպ երեւույթ են ԱՄՆ-ի քաղաքական կյանքում: Այդ պատվին սովորաբար արժանանում են այն պետությունների ղեկավարները, որոնք համարվում են Ամերիկայի հուսալի դաշնակիցները:

 

Իսկ Կապիտոլիումում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հայտնվելը տեղի դիտորդները համարում են աննախադեպ իրադարձություն: