Դիարբեքիրի հայ, քելդանի, ասորի, եզդի, ալևի համայնքների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը կմեկնի Վատիկան' հանդիպելու Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Պատվիրակության կազմում կլինեն Դիարբեքիրի Սուր քաղաքի նախկին քաղաքապետ Աբդուլահ Դեմիրբաշը, տարածաշրջանում հայկական ամենամեծ' Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը, ասորիների Մարիամ Աստվածածին եկեղեցու ղեկավար Ջան Շաքարերը, քելդանի եկեղեցու հիմնադրամի նախագահ Յուսուֆ Քարադայըն, քուրդ առաջնորդ Շեյխ Սայիդի թոռ Մուհամեդ Աքարը և այլոք: Պատվիրակության այցը կկայանա մայիսի 14-ին, հենց այդ օրն էլ Հռոմի պապը կընդունի նրանց:
Պատվիրակության ղեկավար Աբդուլահ Դեմիրբաշը նշել է, որ իրենք Հռոմի պապից կխնդրեն աջակցել ու աղոթել Թուրքիայում հաշտեցման գործընթացի համար: Միաժամանակ նրանք ցանկություն ունեն ստանալ Ֆրանցիսկոս պապի աջակցությունը Դիարբեքիրի Սուր քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ ներառելու հարցում: