Չինաստանը հանդարտության եւ զսպվածության կոչ Է արել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ որոշումներ ընդունելիս Ղրիմում կայացած հանրաքվեից հետո, որի ընթացքում քվեարկածների ճնշող մեծամասնությունը հանդես Է եկել Ուկրաինայից անջատելու եւ Ռուսաստանին միանալու օգտին:

 

Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Լի Բաոդունը հայտարարության մեջ ընդգծել Է, որ քաղաքական կարգավորումը ուկրաինական ճգնաժամի լուծման միակ եղանակն Է:

 

Ինչպես նշել Է BBC-ի թղթակից Սելին Հաթոնը, Ուկրաինայի իրադրությունը դժվարին կացության մեջ Է դրել Չինաստանին:

 

Մի կողմից՝ ՉԺՀ-ն ավանդաբար պաշտպանում Է Ռուսաստանի՝ որպես իր վաղեմի դաշնակցի, որոշումները: Մյուս կողմից՝ Ուկրաինայի կազմից դուրս գալու Ղրիմի բնակիչների ցանկությանն աջակցելը կսրի Պեկինի հակասությունները ինքնավարություն պահանջող իր տարածաշրջանների՝ Տայվանի, Սինցզյանի եւ Տիբեթի հետ:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան եւ Ճապոնիան հայտարարել են, որ չեն ճանաչում Ղրիմի թերակղզում անցկացված հանրաքվեի արդյունքները: