Ուկրաինայի Սահմանադրական դատարանում ստացվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի սահմանադրական միջնորդագիրը' Ղրիմի Գերագույն խորհրդի մարտի 11-ին ընդունված «Ղիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի անկախության հռչակագրի մասին» որոշումն Ուկրաինայի Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ: Այդ մասին ասված է Սահմանադրական դատարանի հաղորդագրության մեջ:

 

Կանոնակարգի համաձայն՝ միջնորդագիրն ուսումնասիրման է տրվել Դատարանի քարտուղարություն:

 

Ինչպես հաղորդվել է, մարտի 14-ին Տուրչինովն ստորագրել է հրամանագիր' «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի անկախության հռչակագրի մասին» որոշման գործողության դադարեցման մասին: Հրամանագրում նշված է, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի վերոհիշյալ նորմատիվ-իրավական ակտի դրույթները չեն համապատասխանում Ուկրաինայի Սահմանադրությանը և Ղրիմի Սահմանադրությանը:

 

Մարտի 14-ին Ուկրաինայի Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել «Համաղրիմյան հանրաքվե անցկացնելու մասին» Ղրիմի Գերագույն խորհրդի մարտի 6-ի որոշումը: Սահմանադրական դատարանի վճռի համաձայն՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության որոշումը ճանաչվել է ոչ սահմանադրական, կորցնում է գործողությունը Սահմանադրական դատարանի սույն վճռի ընդունման օրվանից:

 

Մարտի 15-ին Ուկրաինայի Գերագույն ռադան վաղաժամկետ դադարեցրել էր Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի լիազորությունները: