ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան Ուկրաինային նվիրված լիագումար նիստ կանցկացնի մարտի 20-ին: Այդ մասին, ի ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի նախագահի ներկայացուցիչ Աֆաֆ Կոնջան:
«ՄԱԿ-ի ԳԱ-ի նախագահ Ջոն Էշը նամակներ է ուղարկել անդամ երկրներին՝ հրավիրելով լիագումար նիստի, որը տեղի կունենա հինգշաբթի՝ մարտի 20-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ նիստն անցկացվում է ՄԱԿ-ին առընթեր Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեեւի պաշտոնական պահանջով:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւերն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Դրանք կատարման համար պարտադիր չեն եւ բացառապես հանձնարարական բնույթ են կրում:
Նախօրյակին Ուկրաինայի ԱԳ նախարարությունը դիմել է աշխարհի պետություններին՝ խնդրելով ձեռնպահ մնալ Ղրիմի անկախությունը ճանաչելուց: «Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դիմում է միջազգային հանրակցության բոլոր անդամներին՝ խնդրելով ձեռնպահ մնալ Ղրիմի Հանրապետության միջազգային ճանաչումից»,- ասված է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի ԱԳ նախարարությունը նաեւ վերստին հայտարարել է, որ անօրինական է համարում մարտի 16-ին ինքնավար հանրապետությունում անցկացված հանրաքվեն:
Մարտի 17-ին Ղրիմի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել հանրապետության անկախության մասին որոշմանը:
Նույն օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, ըստ որի Ղրիմի Հանրապետությունը, հաշվի առնելով մարտի 16-ի հանրաքվեում նրա ժողովրդի կամաարտահայտումը, ճանաչվել է անկախ պետություն: