Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկը եւ Կիեւի նոր իշխանությունների կողմնակիցների թվից եւս յոթ ակտիվիստներ ազատ են արձակվել Ղրիմում:
Մարտի 20-ին հաղորդել Է «Ղրիմինֆորմ»-ը՝ հղում անելով Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Սենչենկոյին:
Նրա խոսքով՝ «ազատումը տեղի Է ունեցել մարտի 20-ի առավոտյան Չոնգար ավանի շրջանում»:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում հայտնել Էին, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն կոչ Է արել Ղրիմի ղեկավարությանը՝ ազատ արձակել Գայդուկին:
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն դիմել Է Ղրիմի Հանրապետության ղեկավարությանը՝ խնդրելով ազատ արձակել մարտի 19-ին ձերբակալված Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար դերծովակալ Սերգեյ Գայդուկին եւ չխոչընդոտել Ուկրաինայի տարածք նրա մեկնելուն»,-ասված Է նախօրյակին տարածված հաղորդագրության մեջ:
Շոյգուն հայտարարել Է, թե Գայդուկը հարկադրված Էր կատարել իր ղեկավարության հրամանները՝ ենթարկվելով Ուկրաինայի զինված ուժերի կանոններին:
Գայդուկը ձերբակալվել Է այն բանից հետո, երբ լքել Է Սեւաստոպոլում Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը, որը մարտի 19-ին գրավվել Էր ռուսամետ ցուցարարների ու ինքնապաշտպանության ուժերի կողմից: Գայդուկի հետ միասին շտաբը լքել Էին նաեւ ուկրաինացի այլ սպաներ:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը մարտի 19-ին Ղրիմի իշխանություններին մինչեւ ժամը 23:00-ն ժամանակ Էր տվել Գայդուկին ազատ արձակելու համար՝ խոստանալով, հակառակ դեպքում, ձեռնարկել «ադեկվատ միջոցներ», այդ թվում՝ «տեխնիկական ու տեխնոլոգիական բնույթի»,-հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: