Այսօր՝ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, ժամը 20:00-ից մինչև 22:00 Ազատության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ ազգագրական երգի և պարի համույթների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ աղբյուրի, մայրաքաղաքում շարունակվում են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա տոնական միջոցառումները: Այդ համատեքստում, 2013 թվականի հունվարի 3-ից, Ազատության հրապարակում ընթանում են նաև մանուկների համար կազմակերպված ուրախ համերգային ծրագրեր, որոնց մասնակցում են Մանկական Եվրատեսիլ մրցույթի հայ մասնակիցները, երգի ու պարի մանկապատանեկան համույթներ, թատրոն-ստուդիաներ, ճանաչված խմբեր, ինչպես նաև մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսներ:
Այս օրերին նախատեսված են նաև մանկական ներկայացումներ ու զվարճալի շոու ծրագրեր, իսկ Կարապի լճի բացօթյա սահադաշտում նաև ցուցադրական ելույթներ'պատանի գեղասահորդների մասնակցությամբ:
Ամանորյա տոնական միջոցառումների շարքը կեզրափակվի հունվարի 13-ին, Ազատության հրապարակում կազմակերպված համերգային ծրագրով: