Թուրքիայի զինված ուժերի հատուկ ծառայության հրամանատարությունը կարմիր բերետավորների ջոկատ է տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Դա արվել է այն բանից հետո, երբ Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող «Իրաքի եւ Լեւանտի (Դամասկոսի) իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Youtube-ում տեղադրված տեսանյութում սպառնացել էր «հողին հավասարեցնել» Հալեպի մոտակայքում 25 թուրք զինծառայողների կողմից պահպանվող Սուլեյման շահի դամբարանը, եթե վերջիններս երեք օրվա ընթացքում չիջեցնեն թուրքական դրոշը դամբարանի վրայից եւ չհեռանան Սիրիայից:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները տարածել են նախագահ Աբդուլլահ Գյուլի' այդ առնչությամբ արած հայտարարությունն այն մասին, որ «ինչպես հայրենիքն է պահպանվում, այդ տարածքը եւս պետք է նման կերպ պահպանվի»:
Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ 1921 թ. ստորագրված եւ հետագայում Լոզանում ընդունված պայմանագրի համաձայն' Սուլեյման շահի դամբարանի գտնվելու վայրը համարվել է թուրքական հող: Հետագայում տարածքը կառուցված ջրամբարի տակ մնալու պատճառով Սուլեյման շահի դամբարանը 1973-ին տեղափոխվել է հյուսիս' թուրքական սահմանին մոտ վայր, որը պահպանվում է թուրքական զինվորների կողմից: